Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դուբայում կնոջ անունով 10-ից ավելի թանկարժեք գույք գրանցած ՀՀ Ֆինանսների նախկին փոխնախարարը, նրա կինն ու դուստրը կանչվել են դատախազություն․ Կնոջ ու դստեր անունով գույքը ենթակա է բռնագանձման

Դուբայում կնոջ անունով 10-ից ավելի թանկարժեք գույք գրանցած ՀՀ Ֆինանսների նախկին փոխնախարարը, նրա կինն ու դուստրը կանչվել են դատախազություն․ Կնոջ ու դստեր անունով գույքը ենթակա է բռնագանձման
Իրավունք
11:35, 11 август 2023
ՀՀ ֆինանսների նախկին փոխնախարար Արթուր Աֆրիկյանին և նրան փոխկապակցված ևս երկու անձի՝ դստերը՝ Դիանա Աֆրիկյանին, և կնոջը՝ Ալվարդ Մովսեսյանին, պատկանող գույքերի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ուսումնասիրություն է կատարել։ Ըստ այդմ՝ Արթուր Աֆրիկյանին պատկանող գույքի վերաբերյալ կազմվել է ամփոփագիր, իսկ  Դիանա Աֆրիկյանին  և Ալվարդ Մովսեսյանին  պատկանող գույքերը ենթակա են  բռնագանձման։ Նրանք պետք է Դատախազություն ներկայանան օգոստոսի 25-ին։  Այս մասին Civic.am-ը տեղեկացավ azdarar.am կայքից։ 

Նշենք, որ «Հետք»-ը վերջերս ծավալուն հետաքննություն էր հրապարակել, ըստ որի՝ Արթուր Աֆրիկյանը Դուբայում մինչև վերջերս 10-ից ավելի անշարժ գույք ուներ: Նախկինում այդ գույքը գրանցված էր նրա անունով, իսկ հետո սեփականատեր է դարձել կինը՝ Ալվարդ Մովսեսյանը: Նա էլ իր հերթին օտարել է գույքի մեծ մասը: Օտարված գույքի ներկա շուկայական ընդհանուր արժեքը մոտ 4 մլն դոլար է:

Նշենք, որ Արթուր Աֆրիկյանը բավական երկար ժամանակ տարբեր բարձր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ հարկային ու մաքսային ոլորտում, եղել է տարածքային հարկային տեսչությունների պետ, պետեկամուտների նախարարի խորհրդական, ապա՝ ՊԵ նախարարությունից առանձնացված Մաքսային պետական կոմիտեի նախագահի աշխատակազմի ղեկավար (2001-2002 թթ.), 2002-2008 թթ.՝ աշխատակազմի ղեկավար-գլխավոր ֆինանսիստ: Հիշեցնենք, որ 2001-2008 թթ. ՄՊԿ-ի նախագահը Արմեն Ավետիսյանն էր, որին հաջորդեց  Գագիկ Խաչատրյանը: 

2018-ի նոյեմբերին երբ պարբերականը փորձել էր  կապ հաստատել Արթուր Աֆրիկյանի հետ՝ նրանից իր գույքի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար, պարզվել էր, որ պաշտոնյան  «թավշյա հեղափոխության» օրերին մեկնել է ԱՄՆ: Ավելի ուշ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ նախկին պաշտոնյան Հայաստանը լքել է 2018 թ. հունիսին: Դուբայի կադաստրի տվյալները, ըստ «Հետք»-ի,  ցույց են տալիս, որ ներկայում «Address Dubai Mall»-ի 1 և «Address Downtown»-ի 8 բնակարաններն այլևս Ալվարդ Մովսեսյանի կամ Արթուր Աֆրիկյանի անունով չեն, այսինքն՝ Մովսեսյանն օտարել է դրանք:

   Բացի Դուբայի կենտրոնում օտարած 9 բնակարաններից և «Balqis Residence»-ի 2 բնակարաններից՝ Ալվարդ Մովսեսյանի անունով 2 միավոր գույք է գրանցված «Դուբայ Մարինա» ծովափնյա շրջանում։ «Դուբայ Մարինայի պրոմենադի» (ափամերձ քայլուղի) հարևանությամբ Ալվարդ Մովսեսյանը 2 խանութ ունի, որոնցից մեկի մակերեսը 403 քմ է, մյուսինը՝ 391 քմ:  

Արթուր Աֆրիկյանը մեղադրյալ է ԱԱԾ-ի և Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից քննվող երկու քրեական վարույթներում:

ԱԱԾ-ում քրեական վարույթը նախաձեռնվել է 2019-ի փետրվարին, իսկ դրանում Աֆրիկյանի ներգրավման մասին գերատեսչությունը հայտարարել է մեկ տարի անց՝ 2020-ի փետրվարին: Ըստ ԱԱԾ-ի՝ 2014-2016 թթ. ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած, իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող, գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձը (Արթուր Աֆրիկյանը-հեղ.) վերադասի՝ ֆինանսների նախկին նախարարի (Գագիկ Խաչատրյանի-հեղ.) հետ նախնական համաձայնությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և միջազգային համագործակցության ոլորտում կատարվող աշխատանքները հնարավորինս դրական լույսի ներքո ներկայացնելու, մաքսային վարչարարությունը զարգացնելու, մաքսային մարմիններին արդի տեխնոլոգիական սարքավորումներով վերազինելու պատրանք ստեղծելու խմբային շահերից ելնելով, անտեսելով մաքսային մարմինների իրական պահանջմունքները, դրանց վերաբերյալ իրենց ենթակա իրավասու պաշտոնատար անձանց կողմից ներկայացված հավաստի տվյալներն ու հաշվարկները, կառավարության կողմից կնքված արտոնյալ պայմաններով վարկային համաձայնագրի շրջանակներում ձեռք են բերել մաքսային ծառայության կարիքներից չբխող, առանձնապես խոշոր չափերի՝ 2.282.387.249 դրամ արժողությամբ 8.500 միավոր էլեկտրոնային կողպեք: Մինչդեռ, ԱԱԾ-ի փոխանցմամբ, մաքսային համակարգի կարիքների համար անհրաժեշտ է եղել առավելագույնը 2000 կողպեք, իսկ փաստացի մինչև 2019 թ. հոկտեմբեր ամիսն օգտագործվել է ընդամենը 251 միավոր կողպեք։

Գ. Խաչատրյանի և Ա. Աֆրիկյանի գործողությունների հետևանքով, համաձայն ԱԱԾ հաղորդագրության, ոչ միայն խաթարվել է պետական մարմնի բնականոն գործունեությունը, այլև Կառավարությանը տրամադրված առանձնապես խոշոր չափերով վարկային միջոցներն օգտագործվել են ոչ նպատակային, իսկ պետությանը պատճառվել է 1.747.195.905 դրամի նյութական վնաս՝ առաջացնելով ծանր հետևանքներ:

2020 թ. հունվարի 30-ին ԱԱԾ-ն Ա. Աֆրիկյանին ներգրավել է որպես մեղադրյալ այն ժամանակ գործող և 2003 թ. ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, պատիժը՝ 2-6 տարվա ազատազրկում): Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
ԱԱԾ-ի տեղեկացմամբ՝ քանի որ Աֆրիկյանի հանդեպ հայտարարվել է միջազգային հետախուզում, դատարանի կողմից խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հետախուզման մեջ գտնվող Աֆրիկյանը մեղադրյալ է ոչ միայն ԱԱԾ-ում, այլև Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով: Այս վերջինն, ըստ Գլխավոր դատախազության, նախաձեռնվել է ավելի շուտ՝ 2017-ի ապրիլին: Դատախազությունը «Հետք»-ին մանրամասներ չի հայտնել, բայց նշել է, որ Աֆրիկյանը մեղադրյալ է 2003 թ. ընդունված ՔՕ նույն՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, պատիժը՝ 2-6 տարվա ազատազրկում):

Հ. Մ.