Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սերժ Սարգսյանի խնամիները կանչվել են Դատախազություն․ Հետախուզման մեջ գտնվող Արա Մինասյանին պատկանող գույքը ենթակա է բռնագանձման

Սերժ Սարգսյանի խնամիները կանչվել են Դատախազություն․ Հետախուզման մեջ գտնվող Արա Մինասյանին պատկանող  գույքը ենթակա է բռնագանձման
Իրավունք
17:18, 19 июль 2023
ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանին և նրա տիկնոջը՝ Արմինե  Հասրաթյանին, ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ծանուցագրեր է ուղարկել։  Այս մասին Civic.am-ը տեղեկացավ  azdarar.am կայքից։  Ըստ դատախազության ծանուցագրերի՝ Արա Մինասյանն ու Արմինե Հասրաթյանը  հիշյալ վարչություն պետք է ներկայանան հուլիսի 25-ին։ Արմինե Հասրաթյանին ուղարկված ծանուցագրում նշված է, որ «Արա Միքայելի Մինասյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր», իսկ Ա. Մինասյանի ծանուցագրում մասնավորապես ասվում է. «Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Նշվածի հիման վրա՝ Ձեր անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա»։
Նշենք, որ Արա Մինասյանը հետախուզման մեջ գտնվող  նախկին դեսպան Միքայել Մինասյանի, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հայրն է։ 

Հիշեցնենք, որ Արա Մինասյանը «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի պաշտոնից ազատվեց 2018-ի հուլիսին, երբ առողջապահության նախարարությունը հաղորդեց, որ բժշկական կենտրոնում գերատեսչության ուսումնասիրությունների արդյունքներով պետությանը հասցվել է 545 միլիոն դրամի վնաս։  Հավելենք նաև, որ հիշյալ բժշկական կենտրոնից առևերույթ 908 մլն դրամ հափշտակելու գործով նախկին տնօրենից  բացի՝ ևս երկու անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։  Գլխավոր դատախազությունը ժամանակ առաջ  հաղորդեց, որ գործը հարուցվել է ս.թ. մայիսի 12-ին բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայի վարիչի բուժական գծով տեղակալ Թ. Գ.-ի և կենտրոնի պետական պատվերի փաստաթղթերի ձևակերպման աշխատանքների ծառայության ղեկավար Ա. Մ.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու հատկանիշներով:

Արա Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը, 2018 թվականից Մինասյանը հետախուզման մեջ է: