Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստեփանավանի համայնքապետարանը քանդել է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեջ մեղադրվող նախկին քաղաքապետի կառուցած ապօրինի կառույցը, իսկ որդուն մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման համար

Ստեփանավանի համայնքապետարանը քանդել է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեջ մեղադրվող նախկին քաղաքապետի կառուցած ապօրինի կառույցը, իսկ որդուն մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման համար
Իրավունք
18:14, 11 август 2023
Ստեփանավանի համայնքապետարանը քանդել է նախկին համայնքապետի առանձնատան պարիսպը և կից գտնվող շինությունը, որն ամենայն հավանականությամբ որպես ամառային խոհանոց էր ծառայում։ Թե՛ պարիսպը, թե՛ կից շինությունը նախկին քաղաքապետը ապօրինի էր կառուցել։ Համայնքապետարանը նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանին, ով համայնքը ղեկավարել է 2004-2012 թվականներին, զգուշացրել և 2 ամիս ժամանակ է հատկացրել ապօրինի կառուցված պարիսպը և կից շինությունը քանդելու համար։ Նախկին քաղաքապետը, սակայն, ինքնակամ չի վերացրել խախտումը, որից հետո համայնքապետարանն է հեռացրել թե՛ պարիսպը, թե՛ շինությունը։

Սարգիս Ղարաքեշիշյանը 2012 թվականին որոշում է կայացրել Ստեփանավան քաղաքի Միլիոն փողոցում գտնվող հողատեսքի և գործառնական նշանակությունը փոխելու թույլտվություն տալու մասին, որի իրավասությունը պատկանում էր ոչ թե քաղաքապետին, այլ ավագանուն։ Որոշումից հետո հայտարարվել է մրցույթ՝ վերոնշյալ հողամասը 90 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին, և որից հետո «Ստեփ Գրինտուր» ՍՊ ընկերությունը առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտ կառուցելու պայմանով ճանաչվել է հաղթող։ 

2012 թվականի նոյեմբերին Ստեփանավան համայնքի և «Ստեփ Գրինտուր» ՍՊԸ-ի միջև կնքվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր։ Հանրապետական համայնքապետը, սակայն, համայնքային նշանակության օբյեկտի փոխարեն սեփական կարիքների համար է օգտագործել նշված հողամասը և նրա վրա կառուցված շինությունը։ 

Նշենք, որ «Ստեփ Գրինտուր» ՍՊԸ-ի հիմնադիր է հանդիսացել Սուսաննա Հովսեփյանը, ով 2012-ին աշխատել է Ստեփանավանի քաղաքապետարանում, իսկ այժմ նշված ընկերության տնօրենն է հանդիսանում Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը, այսինքն՝ «Ստեփ Գրինտուր» ՍՊԸ-ի իրական սեփականատեր է հանդիսացել հանրապետական քաղաքապետը։    

Հիշեցնենք, որ Սարգիս Ղարաքեշիշյանին 2021 թվականին մեղադրանք էր առաջադրվել  պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար: Ըստ իրավապահների՝ իր պաշտոնավարման տարիներին՝ 2004-12 թվականներին, համայնքին պատկանող մոտ 15 անշարժ գույք, այդ թվում՝ օտարման ոչ ենթակա տարածքներ ու շենք-շինություններ է սեփականաշնորհել իր մտերիմների ու ընտանիքի անդամների անուններով։ Հետագայում այդ գույքի ապօրինի ծագումը թաքցնելու նպատակով 2014 և 17 թվականներին փոխել է դրանց սեփականատերերին, ինչը իրավապահները դիտարկում են որպես փողերի լվացում։

Սարգիս Ղարաքեշիշյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելուց հետո դատարանը նրան կալանավորել էր։

Սարգիս Ղարաքեշիշյանի պաշտոնում, ի դեպ, նրան փոխարինել էր եղբայրը՝ Միքայել Ղարաքեշիշյանը, ում նկատմամբ ևս նույն մեղադրանքով քրեական գործ կար հարուցված, սակայն Միքայել Ղարաքեշիշյանը 2020-ին մահացել է կորոնավիրուսից։

Ստեփանավան համայնքի ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանը չարաշահել է պաշտոնեական դիրքը և ձևական աճուրդներով ու կեղծիքներով իր որդուն է օտարել համայնքին պատկանող հողամասեր։ Այդ գործով Միքայել Ղարաքեշիշյանը ձերբակալվել էր, բայց դատարանը նրան կալանավորելու միջնորդությունը չէր բավարարել։

Օրեր առաջ էլ ՀՀ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որ 2023 թվականի հունիսի 27-ին դատախազն իր նախաձեռնությամբ որոշում է կայացրել Ա. Ղ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում)։

Խոսքը Սարգիս Ղարաքեշիշյանի որդու մասին է։ 

«Լոռու մարզի Ստեփանավան համայնքի նախկին ղեկավարի որդին՝ Ա. Ղ.-ն, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի հանցավոր ծագման աղբյուրը, պատկանելությունը, տնօրինման եղանակը թաքցնելու և խեղաթյուրելու, հանցավոր գործունեության արդյունքում ստացված անշարժ գույքն օրինականացնելու նպատակով ձեռք է բերել իր հոր՝ Ս. Ղ.-ի հանցավոր գործունեության արդյունքում ստացված, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ներառված (օտարման ոչ ենթակա հողեր), քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցման ոչ ենթակա ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքը»,- ասված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Նախաքննական մարմնի կողմից 2023 թվականի հունիսի 27-ին որոշում է կայացվել  ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալել:

Վովա Հակոբյան