Նախկինների հետ նույնացվելուց խուսափող «Տաշիր»-ի բարեգործական ակցիան լուսաբանվում է «նախկինների» քարոզչական օրգանով

«Երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջը, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես»:

 

Մատթեոս Զ 3-4


 

Եկեղեցու պաշտպանությունը ստանձնած, եկեղեցասեր, եկեղեցապաշտ Սամվել Կարապետյանը, մինչդեռ, ինչպես դեպքերի ընթացքն է ցույց տալիս, որոշել է զանց առնել աստվածային  այս հորդորն ու  բարեգործություն անել՝ հայտնի ձևով՝ «հայավարի», այն է՝  (ներողություն  բառի համար) «շուխուրով»՝ տեսախցիկների ուղեկցությամբ։ «Մի մատ խորքից» ընտրարշավը սկսած բարերարը, ինչպես հայտնի է, վերջին շաբաթներին դպրոցական պայուսակներ ու գրենական պիտույքներ է բաժանում տարբեր համայնքների դպրոցականներին։ Կասեք՝ լավ է անում, ի՞նչ վատ բան կա բարեգործության մեջ։  Մենք էլ կասենք՝ ոչ մի վատ բան, եթե դա արվում է քրիստոնեավայել, այսինքն՝  առանց շահադիտության,  հեռահար նպատակների, այս դեպքում՝ քաղաքական։ Քաղաքական բարեգործության քստմնելի դրսևորումներին ՀՀ քաղաքացիները հասցրել են առնչվել նախկին՝ նախահեղափոխական  ռեժիմի օրերին ու, ինչպես ասում են, մինչև կոկորդը կուշտ է նման «մերկանտիլ» երույթներից՝  ջեմ ու մուրաբաներից մինչև տուկի թել, սելիտրա ու սերմացու  կարտոշկա․․․Բարեգործական ապրանք-քվե  «բարտերի» ժամանակները մնացել են անցյալում, ինչպես որ Սամվել Կարապետյանի համար այսօր կսկսծացող Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ռեժիմները, դրանց օրոք եղած բարոյահոգեբանական մթնոլորտը։ 



Ուշագրավ է, որ  Սամվել Կարապետյանի բարեգործական արշավի ուղղություններից մեկի (Թալին համայնք) լուսաբանումը ստանձնել էր Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապվող «5-րդ ալիք»-ը։ Փաստորեն, բարերարի եղբորորդի, «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանն իր հրապարակային խոսքում ամեն կերպ փորձում է չնույնացվել նախկին ռեժիմի կարկառունների հետ,  խաչակնքվում-երդում է ուտում, թե՝  կապ չեն ունենալու նրանց հետ, այդ նույն նախկինների հետ աֆիլացված քարոզչամիջոցը, փաստորեն,  մատնում է «սուտը»։  Ստանձնելով «Տաշիր»-ի «ՓիԱռ»-ակցիայի տիրաժավորումը՝  հիշյալ ալիքը այն մատուցել է որպես «արգելված ակտ», թե իբր հեղափոխական Հայաստանում մի ահավոր-անհանդորժող մթնոլորտ է, այն աստիճան, որ  համայնքային իշխանություններն արգելում են աստվածահաճո բան՝ բարեգործություն անել, որի կարիքը «խեղճ ու տկար»  հայ ընտանիքներն այնքա՜ն  ունեն։ Ա՜խ դու, Նիկոլ, դաժան Նիկոլ․․․Կամերայի առաջ շնորհակալություն հայտնող ծնողներ, չարաճճի բալիկներ, որոնք հրճվում են ստացած  նվերներով ու լրագրողի հետևությունը «Փոքրիկները երջանիկ են, ծնողները ուրախ, որ չնայած դժվարություններին՝ իրենց մասին չեն մոռանում»։

 


Հա, ի դեպ, շատ կարևոր է ստանալ մի հարցի պատասխան՝ արդյո՞ք «Տաշիր»-ն իր բարեգործական ակցիաների՝ «աջ ու ձախ ձեռքերի» արածի   մասին այդպես՝ սոցցանցային էջերով ու ԶԼՄ-ներով կթմբկահարեր, եթե Կարապետյան ընտանիքը՝ ի դեմս Սամվել Կարապետյանի, քաղաքական հայտ ներկայացրած չլիներ՝ արդեն իսկ ազդարարելով 2026 թ․ ԱԺ հերթական ընտրություններին մասնակցելու իր պլանների մասին։

 

 

Հ․Մ․