Երեկ Եռաբլուրում Լեռնային Ղարաբաղը լուծարած Սամվել Շահրամանյանը հայտարարեց, թե Արցախի հարցը փակելը, Մինսկի խումբը լուծարելը, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից տրված մանդատի շրջանակներում ու նշեց, որ անկախ այն հանգամանքից՝ ՀՀ քաղաքացիները 2021-ին քվե տվել են «Քաղաքացիական պայմանագրին», թե ոչ՝ կրում են պատասխանատվություն։
Նախ նկատենք, որ ԼՂ նախագահ աշխատած մարդը տեղյակ չէ, որ պաշտոնական Երևանը մշտապես
ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ ԼՂ հարցը երբեք տարածքային վեճ
չի եղել։ Այն եղել է իրավունքի մասին հարց։ Այո՛, Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին
այդ սկզբունքը դրվել է հարցականի տակ՝ վարվող ապաշնորհ, անզգույշ և տգետ արտաքին քաղաքականության
պատճառով, սակայն անգամ այդ ժամանակ Երևանի պաշտոնական դիրքորոշումը եղել է այն, որ
Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք։ Հայաստանը մշտապես ճանաչել է Ադրբեջան
պետությունը՝ իր տարածքային ամբողջականությամբ։
Ահա այսպիսի բազայով, կամ ավելի ճիշտ, դրա բացակայությամբ Լեռնային Ղարաբաղի համար
օրհասական օրերին Սամվել Շահրամանյանը ստանձնեց ԼՂ նախագահի լիազորությունները։ Հետևանքը
ավելի լավը չէր կարող լինել, քան եղավ։
Հաջորդը՝ Սամվել Շահրամանյանը, ակնհայտորեն Լեռնային Ղարաբաղի հետ տեղի ունեցածի
ողջ պատասխանատվությունը դնում է Հայաստանի Հանրապետության սովորական քաղաքացու վրա։
Պատկերացնու՞մ եք այս մարդու ինքնագնահատականն ու իրավիճակից կտրվածությունը։ ԼՂ գոյության
վերջին օրերին այն լուծարած, այդ հրամանագիրը ստորագրած, ապա՝ այդ լուրը հրապարակած
մարդը գալիս է Հայաստան, աջ ու ձախ դատի է տալիս այդ փաստը արձանագրող մարդկանց՝ ըստ
էության տոտալ կերպով հրաժարվելով սեփական որևէ պատասխանատվությունից, ու այդ պատասխանատվությունը
դնում սովորական քաղաքացիների վրա։ Քաղաքացիներ, որոնք ամեն ինչ տվել են Արցախի, արցախցու համար, կրել
են զրկանքներ, տառապանքներ։ Հիմա այս մարդը թիրախավորում է այդ զրկանքները կրած մարդկանց
ու կասկածի տակ դնում իրենց ընտրությունը, ընտրության իրավունքը։ Այստեղ են ասել՝ սելը
ճռռալու փոխարեն, սելվորն է ճռռում։ Դու Արցախը լուծարես, առոք փառոք գաս Հայաստան,
պարապ թրև գաս, ապրուստի խնդիր չունենաս, անգամ աշխատելու կարիք չունենաս, ԼՂ ճակատագրի
պատասխանատուն էլ Հայաստանի քաղաքացին լինի՞։ Եթե այսօրինակ բառապաշարով Հայաստանի
որևէ պաշտոնյա թիրախավորեր ղարաբաղցի մեր հայրենակիցներին՝ պատկերացնում եք չէ՞ ընդդիմության
ողբասածների կողմից ինչ սուգ ու շիվան կկապվեր։ Իսկ հիմա զրո արձագանք։ Հայաստանցի-ղարաբաղցի
տարանջատո՞ւմ։ Չէ, չենք լսել։
Շահրամանյանը խոսում է նաև ԼՂ մեր հայրենակիցների՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի
իրավունքի մասին։ Այդ մասին խոսում են ընդդիմության գրեթե բոլոր ներկայացուցիչները։
Այսօր այդ թեմայով նաև Արթուր Վանեցյանն է արտահայտվել, Իշխան Սաղաթելյանը և առհասարակ
բոլորը։ «Ինչպես» հարցին նրանք պատասխանում են՝ միջազգային երաշխավորությամբ։ Իսկ երբ
փորձում ես բացել՝ հասկանալու համար, թե ինչպե՞ս են պատկերացնում այդ երաշխավորությունը,
պարզվում է, որ մեծամասամբ նկատի ունեն Ռուսաստանի հովանոցի ներքո, նրանց կոշտ ուժի
ներկայությամբ։ Այս մարդկանց համար կա՛մ դաս չի եղել ռուս խաղաղապահների վարքը, անգործությունը,
Փարուխ առ Փարուխ ԼՂ հաձնումը, կա՛մ տառապում են «սթոկհոլմյան սինդրոմով»՝ համակրանք
ունեն բռնարարի նկատմամբ ու վառ արտահայտված մազոխիզմով են տառապում, կա՛մ քաղաքականապես
տգետ են ու չեն հասկանում, որ դա այսօր և հավանաբար առհասարակ անհնար, անիրատեսական
սցենար է, կա՛մ սրիկա են ու փորձում են այս զգայուն հարցը շահարկելով քվեներ ստանալ
առաջիկա ընտրություններում, որն, ակնհայտորեն ձախողելու են, կա՛մ երրորդ՝ հայտնի երկրի
ագենտներ են։ Չենք բացառում նշված տարբերակներից մի քանիսի համատեղ հնարավորությունը։
Վոլոդյա Հակոբյան