ՀՀ-ն գործել է օրենքի շրջանակում. Գալյանը մանրամասնել է՝ ինչու չի կատարվում ՀԷՑ-ի վերաբերյալ Արբիտրաժի որոշումը

«Մենք այս պահին ունենք հետևյալ իրականությունը՝ միջազգային Արբիտրաժը կայացրել է միջանկյալ որոշում, ըստ էության, հայցի ապահովում կիրառելու մասին, որն այս պահին չի կատարվում կառավարության կողմից կամավոր տարբերակով»,- լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ ՀՀ-ն չի կատարում Ստոկհոլմի Արբիտրաժային դատարանի որոշումը ՀԷՑ-ի վերաբերյալ:


Ըստ նրա, կա մեխանիզմ, որ դա կատարվի հարկադրաբար և կա դա չկատարելու մեխանիզմ, եթե դատարանները կորոշեն այդ որոշումը հակասում է հանրային կարգին:


Նախարարի խոսքով, սրանք կարգավորումներ են, որոնք կան միջազգային համապատասխան իրավական ակտերում և ներպետական իրավական ակտերում:


«Ես չէի ուզենա շատ մեկնաբանել արբիտրաժային համապատասխան որոշումը, բայց այդ որոշումը վերաբերում է մեր օրենսդրական ակտին, որը կատարվել է Հայաստանի կողմից: Այսինքն, Հայաստանը գործել է օրենքի շրջանակներում, իսկ արբիտրաժային որոշմամբ սահմանվում է հետևյալը, որ մենք չպետք է կիրառենք մեր ներպետական օրենսդրությունը: Կներեք, սա մեր պետությունն է, և մենք ասում ենք, որ մեր պետությունը իրավական է,  պետք է հետևի իրավական կարգավորումներին, որոնք կան, գործող են և սահամանադրական են, քանի դեռ հակառակը չի հիմնավորվել և արբիտրաժային համապատասխան որոշումը հակասում է հենց դրան»,-ասաց Ս.Գալյանը: