Սեպտեմբերի 2-ի՝ Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման առթիվ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում պատմական մի նորամուծություն է արել, ըստ որի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման «փուլային տարբերակը Հայաստանը և Ադրբեջանը ընդունել են, ԼՂՀ-ն՝ մերժել»: «Հայ ժողովրդի վզին փաթաթված պատերազմում հայ ժողովուրդը 1994 թվականին մեծ հաղթանակ տարավ, ետ մղելով Ադրբեջանի ագրեսիան: Զինադադարից հետո ընթացած բանակցությունները ավարտվեցին 1997 թվականի Մինսկի համանախագահության կողմից խաղաղ կարգավորման փուլային պլանի ներկայացմամբ, որն ընդունվեց Հայաստանի և Ադրբեջանի կողմից, բայց մերժվեց Լեռնային Ղարաբաղի կողմից»,-մասնավորապես նշել է ընդդիմադիր գործիչը՝ ակնհայտորեն խեղաթյուրելով իրականությունը։
Զուրաբյանին հիշեցնենք, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Անվտանգության խորհրդի 1998 թ․ 7-8-ին նիստի ամփոփիչ ելույթում բարեխղճորեն ներկայացրել է բոլոր ելույթ ունեցած պաշտոնյաների տեսակետները: Կարգավորման փուլային տարբերակին, ըստ այդմ, դեմ են արտահայտվել վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը: ԱԽ այդ նիստին հրավիրված էին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, վարչապետ Լեոնարդ Պետրոսյանը և ԱԺ նախագահ Օլեգ Եսայանը: Քննարկումներին մասնակցել է նաև ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանը, բայց նախ նա չի արտահայտվել, երկրորդ՝ ըստ էության Բաբայանն ի պաշտոնե նույնպես ՀՀ ներկայացուցիչ էր:
Արդ, ինչպես առաջին նախագահը կասեր՝ Հայաստանի գործադիր իշխանության երեք հենասյուների՝ վարչապետի, պաշտպանության և ներքին գործերի ու ազգային անվտանգության նախարարների կողմից փուլային տարբերակի կտրուկ և բավական կոշտ ձևակերպումներով մերժումը պիտի անտեսվի՞, պատասխանատվությունը բարդվի ուժային, ֆինանսական, արտաքին քաղաքական ոչ մի լծակի չտիրապետած Արկադի Ղուկասյանի, Լեոնարդ Պետրոսյանի և Օլեգ Եսայանի վրա՞:
Իսկ որտե՞ղ և ինչպե՞ս
«թաղենք» նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի հայտարարությունը, որտեղ նա պարզ
ասում է, որ իրեն պաշտոնաթողության պահանջ են ներկայացրել իշխանության՝ հանրությանը
հայտնի մարմինները: ԼՂՀ ղեկավարությունը ՀՀ
իշխանության մարմին չէր: Հրաժարականի խոսքում նախագահ Տեր-Պետրոսյանը ասել է, որ «կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար, և ով է իրականում ծախում այն»։ Այսինքն, կարգավորման փուլային տարբերակի մերժումը գնահատել
է որպես «Արցախի հանձնում» կամ «հանձնման գործընթացի մեկնակետ»: Այսօրվա իրողությամբ, եթե փուլային տարբերակը մերժվել
է ԼՂՀ կողմից, ուրեմն Արցախի հանձնումը «սկսել են Արկադի Ղուկասյանը, Լեոնարդ Պետրոսյանը
և Օլեգ Եսայա՞նը»:
Ե․Ա․