«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր 2024 թ․ գույքի և եկամուտների հայտարարագիրը որպես կուսակցության ղեկավար։ Նախկին դեսպանը 7 անշարժ գույք է հայտարարագրել, որոնց տիրապետում է միանձնյա սեփականությամբ և նվիրատվություն է ստացել 2022 և 2011 թվականներին։ Մարուքյանը մասնավորպես հայրենի Վանաձորում գտնվող մեկ բնական է հայտարարագրել, որը գնել է 2011-ին, Երևանում գտնվող երկու բնակարան, երկու ավտոտնակ, ինչպես նաև բազմաբնակարան շենքի ոչ բնակելի երկու տարածք։
2024 թվականին նախկին դեսպանը
նաև 2024 թվականի արտադրության 12 մլն դրամ արժողության «Տոյոտա» է գնել եղբորից՝ Էդգար
Մարուքյանից։ Նա ևս մեկ՝ 2013 թ․ արտադրության «Տոյոտա» մեքենա ուներ, որը գնել էր 2018-ին և
2024-ին 5 մլն 200 հազար դրամով օտարել է Սուրեն Արեգի Պետրոսյանին։ 2024 թ․ տարեվերջին ԼՀԿ ղեկավարը հայտարարագրել է 2 մլն դրամ կանխիկ
գումար, ինչպես նաև բանկային հաշիվներում առկա տարբեր չափի դրամական միջոցներ, մասնավորապես
1380 ԱՄՆ դոլար, ավելի քան 16 մլն դրամ, ավելի քան 2 հազար եվրո։ Մարուքյանի եկամուտները
գոյացել են երեք տարբեր աղբյուրից և կազմել ընդհանուր 2 մլն 904 հազար
578 դրամ։ Նա ԱԳՆ-ից որպես աշխատավարձ
ստացել է 2 մլն 634 հազար 828
դրամ, «Լիբերալ Քաղաքականության Ինստիտուտ»-ից, որի նախագահն իր կինն է՝ Տաթևիկ Մատինյանը,
219 հազար 500 դրամ, ինչպես նաև ավելի քան
50 հազար դրամ քաղաքացիական հասարակության զարգացման «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ»-ից։ ԼՀԿ ղեկավարը նաև 19 մլն 930 հազար
682 դրամ վարկ ունի, որով բազմաբնակարան շենքում
բնակարան է գնել։
Հիշեցնենք՝ Էդմոն Մարուքյանը ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի
պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել 2024 թ․ փետրվարի 29–ին։ Մարտի 4–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց նրան
պաշտոնից ազատելու որոշումը։
«Եթե ուզում եք ճշմարտությունն
իմանալ, ապա պատճառը, որի համար Էդմոն Մարուքյանն ազատվել է պաշտոնից, այն է, որ ես
դժգոհ եմ եղել նրա աշխատանքից։ Նա այդ մասին գիտի, ես էլ եմ այդ մասին նրան ասել։ Ու
ասել եմ` կոնկրետ ինչից եմ դժգոհ ու ինչն է եղել պատճառը, որ ես նրան երկար ժամանակ
որևէ հանձնարարական չեմ տվել, ուղիղ չեմ աշխատել իր հետ, այլ միջնորդավորված եմ աշխատել։
Ես նրան հաջողություն ու շնորհակալություն եմ հայտնել»,– դեսպանին ազատելու իր որոշումը պարզաբանել էր ՀՀ վարչապետը։
Մարուքյանը վերոհիշյալ
պաշտոնում նշանակվել էր 2022-ի մարտին։
2021-ի հունիսի
20-ի արտահերթ ընտրություններում նրա ղեկավարած
«Լուսավոր Հայաստան»-ը չէր հաղթահարել անցողիկ շեմը և այժ դիրքավորվել է որպես ընդդիմադիր
ուժ։
Հ․Մ․