Դուք «Գելափ»-ով ձեր հաղթանակը տարեք, իսկ մենք 2026-ին ևս հավատում ենք մեր քաղաքացիների ձայնի ուժին. Մանավազյան

Կենացներով նոր ընդդիմությունն ու «Գելափ»-ի հույսին մնացած «Տաշիր Սամոն»:


Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը՝ մեկ անգամ ևս անդրադառնալով «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանի ակնհայտ մանիպուլյացիաներին:


«Նարեկը խոսում է լավ կառավարումից՝ դժգոհելով մեր իշխանությունից և առաջարկելով իրենցը: Օրեր առաջ «Իրենց ձևով» շարժման շնորհանդեսն են արել ու թվարկել շարժման հիմնական 5 ուղղություն, որոնց համար էլ աշխատանքային խմբեր են ստեղծվում: Ինչպես ասում են կենացների ժողովածու, բայց մինչև այդ մի բան ասեմ, Նարեկն ամեն անգամ իշխանության մասին խոսելիս ասում է «փոքրիկ խմբակ», պատկերացնո՞ւմ եք մի քանի հոգով հավաքվում են իրար կողքի ու ժողովրդի ձայների մեծամասնությունը ստացած ուժին «փոքրիկ» անվանում: Նարեկը ակամայից դառնում է մեր մյուս ընդդիմադիրների շարունակությունը, բովանդակությանը չի դիմանում, սկսում է մտացածին խոսքերով ապրել:


Ինչ վերաբերում է ուղղություններին.


«Տնտեսական հարցերով աշխատանքային խումբ․ նոր տնտեսություն՝ աշխատանք բոլորի համար, բարեկեցություն բոլորի համար, Աշխատանքային խումբը հավաքելու է համաշխարհային և հայկական տնտեսագետների թիմ, որը մշակելու է Հայաստանի տնտեսական զարգացման նոր մոդելը՝ հետևյալ հիմնական ուղղություններով՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, բարձր տեխնոլոգիաներ»:


Այս մարդիկ, որ իրենց վարած բիզնեսներում ցածր օղակի աշխատողներին մարդավայել պայմաններ չեն ապահովել՝ խոսում են երկրի մակարդակով դա անելու մասին: Երբ տունդ կեղտոտ է, դու չես կարող երկիրը մաքրելու խոստում տալ Նարեկ: Առանց հաշվարկների կենացներ են գրված, երևի անգամ տեղյակ չեն, որ Հայաստանում պետությունը էական աջակցություն է տրամադրում թվարկված բոլոր ոլորտներին և առնվազն բարձր տեխնոլոգիաների և գյուղատնտեսության ճյուղերում մենք այս պահին բավականին լավ աճի տեմպ ունենք:


Համաշխարհային տնտեսագետներից ես խոսում... ախր ակնհայտ հեքիաթ է: Եթե անգամ հիմա ողջ լինեին Քեյնսը, Մարքսը կամ Ֆրիդմանը միևնույն է՝ շուկաների սահմանափակությունն ու առկա խնդիրները նրանք էլ էին նույն կերպ արձանագրելու և խորհուրդ տալու զարգացման համար ունենալ բաց սահմաններ: Իսկ մենք հենց այդ ճանապարհով էլ գնում ենք: Խոսում են ներդրումներից, հնարավորություններից, ոչ մի փաստարկ չկա, պարզապես դասական քաղաքական հեքիաթների ժողովածու:


«Երիտասարդ ընտանիքների աջակցության հարցերով աշխատանքային խումբ․ մեծ հայկական ընտանիք, Աշխատանքային խումբը մշակելու է ժողովրդագրական նոր քաղաքականություն՝ ծնելիության աճի խթանում, մայրության դերի բարձրացում, ընտանիքներին աջակցության ծրագրեր, առողջապահության նոր համակարգի ստեղծում»:


Այս երիտասարդը հավանաբար տեղյակ չէ, որ երիտասարդ երեխա ունեցող ընտանիքների համար պետությունը բնակարանային ծրագրեր ունի: Պետության կողմից ամեն 3-րդ և հաջորդ երեխայի համար նպաստ տրամադրելու ծրագրերի արդյունքում էականորեն սկսեցին ավելանալ նաև այդպիսի ընտանիքները: Այս մարդիկ լուսնից են իջել, տեղյակ չեն ոչնչից, արդյունքը՝ տեսնում եք:


«Արտաքին քաղաքականության հարցերով աշխատանքային խումբ, Խումբը ուսումնասիրելու է իրական խաղաղության հաստատման հնարավորությունը, կմշակի ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին համապատասխան արտաքին քաղաքականություն»:


Նախ լավ է, որ դուք ևս ընդունում եք, որ խաղաղությունն է մեր զարգացման ապագան: Խաղաղության գործընթացը Հայաստանում արդեն մեկնարկել է, բայց այս մարդիկ այլ «խաղաղություն» են փնտրում: Կարո՞ղ ենք ենթադրել, որ խաղաղությունը նրանց սրտով չէ և նրանք խոսում են առկա գործընթացը չեղարկելու մասին: Արկածախնդիր մարդիկ չերաշխավորված խաղաղություն են խոստանում՝ գուցե և նոր պատերազմի տանելով:


«Երիտասարդների աջակցության աշխատանքային խումբ․ տաղանդավոր երիտասարդների աջակցության ծրագիր, Աշխատանքային խումբը մշակելու է տարբեր ոլորտների տաղանդավոր երեխաների և երիտասարդների աջակցության մի շարք ծրագրեր, մանկապատանեկան սպորտի ոլորտում նոր քաղաքականության ծրագրի մշակում՝ մանկությունից մինչև մեծ բեմ»:


Պետությունը տարբեր ոլորտներում նոր մասնագետների պատրաստման համար մի շարք ծրագրեր է իրականացնում, ՏՏ ոլորտում այդ առումով լավ արդյունքներ կան, ինչը կփաստեն նաև ոլորտի ընկերությունները, քանի որ նոր կադրերի պատրաստման համար պետությունը աջակցություն է տրամադրում: Ոչ մի փաստարկ, պարզապես հեքիաթներ, սա է մեր նոր ընդդիմության պատկերացումները: «Մանկությունից մինչև մեծ բեմ» տերմինին ես այլընտրանքային տարբերակներ կարող եմ առաջարկել՝ «Կալուգայից մինչև հայաստանյան ընդդիմադիր դաշտ», «Հնազանդ գործարարից մինչև հնազանդ քաղաքական գործիչ», «Սեփական շահերով առաջնորդվողից մինչև «երկիր փրկող»»:


Մի հատ դուք ձեր նոր ձևավորված ուժի թիմով զբաղվեք, հետո նոր այլ երիտասարդների մասին մտածեք, նախկին իշխանության կուսակցականներով, Քոչարյանի քարոզարշավների մասնակիցներով եկել «Նոր թիմ» եք ձևավորում:


«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ազգային արժեքների պահպանության աշխատանքային խումբ։ Աշխատանքային խմբի նպատակն է՝ մշակել քաղաքականություն՝ 21-րդ դարի հասարակությունում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դերի բարձրացման համար, այդ թվում՝ տարբեր բացասական երևույթների (խաղամոլություն, թմրամոլություն և այլն) դեմ պայքարի շրջանակներում, համահայաստանյան մշակութային ժառանգության պահպանության քաղաքականության մշակում, Հայաստանը՝ աշխարհում քրիստոնեության կենտրոն դարձնելու հայեցակարգի մշակում»:


Ի դեպ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է ազգային արժեքների պահպանության մասին, խոսել կուսակրոնության ուխտը չխախտած կաթողիկոս ունենալու մասին: Ճի՞շտ եմ հասկանում, որ այս արժեքների պահպանությանը դուք էլ դեմ չեք, թե՞ ամեն դեպքում դուք այլ արժեքներ ունեք և կարևորը այդ արժեքների մեջ ոչ թե ուխտը չդրժելն է, այլ Սամվել Կարապետյանի նկարը Էջմիածնում կախելը:


Հիմա էլ «Գելափ»-ն է առաջ ընկել: 2021-ին Քոչարյանի հաղթանակը «ապահոված» «Գելափ»-ը այսօր էլ Տաշիր Սամոյի ուժին դրել է բարձր տեղում, իհարկե, իրենց տրամաբանությամբ որոշ ժամանակ հետո առաջին էլ կբերեն և դա բավական կլինի, որպեսզի նոր ընդդիմությունն իրեն հաղթած զգա:


Իհարկե լավ է նաև, որ «Գելափ»-ը չի կարողանում խուսափել իշխանությանը առաջին հորիզոնականում ներկայացնելուց, քանի որ լավ է հասկանում՝ անկախ իրենց նկարչությունից՝ ընտրություններին ամեն անգամ քաղաքացին ցույց է տալիս, թե ով ինչ է իրենից ներկայացնում: Որ մի քիչ շատ վճարեն Արշակ Սադոյանին էլ կբերեն որպես ընտրությունների գլխավոր հավակնորդ:


Ինչպես ասում են, դուք «Գելափ»-ով ձեր հաղթանակը տարեք, իսկ մենք ինչպես 2018 և 2021 թվականներին, 2026-ին ևս հավատում ենք մեր քաղաքացիների ձայնի ուժին»,- գրել է պատգամավորը: