ԱՍՀ նախարարն ու ՄԱԿ պաշտոնյան քննարկել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է «ՄԱԿ կանայք» (UN women) կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Բելեն Սանզ Լուկեին։ Այս մասին տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից:


Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները․ ընդգծվել է կանանց իրավունքների պաշտպանությանը, նրանց համար արժանապատիվ աշխատանքի ապահովմանը, տնտեսական զորեղացմանն ու աշխատաշուկայում ինտեգրմանն ուղղված շարունակական աշխատանքների կարևորությունը։ «ՄԱԿ կանայք» կազմակերպությունը բարձր է գնահատել Աշխատանքի միջազգային կազմակերպության (ILO) թիվ 190 կոնվենցիայի վավերացմանն ուղղված քայլերը։


Բելեն Սանզ Լուկեն շնորհավորել է նախարար Թորոսյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։


Ներկայացնելով կանանց հիմնահարցերի ոլորտում պետության սահմանած առաջնահերթություններն ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ Արսեն Թորոսյանն ընդգծել է տարբեր ոլորտներում կանանց լիարժեք ներգրավվածության ապահովման և աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացման անհրաժեշտությունը․ այս համատեքստում նախարարը բարձր է գնահատել «ՄԱԿ կանայք» կազմակերպության հետ ձևավորված կառուցողական և արդյունավետ համագործակցությունը։ 


Նախարարը նաև խոսել է Զբաղվածության ռազմավարության շրջանակում կանանց տնտեսական ակտիվացմանն ուղղված ծրագրերի մասին և շեշտել «սոցիալական տնտեսության» (Care Economy) գաղափարի, աշխատանքում և ընտանիքում պարտականությունների հավասարակշռման ապահովման դերը։


Բելեն Սանզ Լուկեն ևս ընդգծել է ԱՍՀ նախարարության հետ ձևավորված արդյունավետ համագործակցության կարևորությունը, մասնավորապես՝ անդրադառնալով ՀՀ գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թթ․ ռազմավարությամբ սահմանված գերակայություններին և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։


Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել ակտիվ փոխգործակցությունը՝ քննարկված հարցերը հասցեագրելու ուղղությամբ։