Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել. FIP

Ըստ կանադական բաց աղբյուրների, նշված առանձնատունն իսկապես վաճառվել է 2024 թվականի սեպտեմբերին՝ 17,1 մլն դոլարով։ Միևնույն ժամանակ, սակայն, դրա  վաճառքով զբաղված Sam McDadi անշարժ գույքի գործակալությունը չի հաստատում պնդումը, որ առանձնատունը գնվել է որևէ կազմակերպության կողմից։ Ընդհակառակը, չբացահայտելով գնորդի անուն-ազգանունը՝ գործակալությունը հայտնում է, որ վերջինս գործարար է։  

Ավելին՝ կանադական Real Estate ամսագրին գործակալության ղեկավար Սամ ՄըքԴադին հայտնել է, որ ստացել է երկու առաջարկ. մեկը՝ Մեծ Տորոնտոյի տարածքից մի գնորդից, մյուսը՝ իր հաճախորդից՝ «մի հաջողակ գործարարից, որն ապրել էր Դուլթոն պողոտայից ոչ հեռու և ծանոթ էր գույքին»։ 


Գույքը վաճառվել է հենց նրան։ 


Փաստացի, բաց աղբյուրները հերքում են նորաբաց կայքի պնդումը, թե գույքը վաճառվել է կազմակերպության, որի հետևում էլ քողարկվել է Փաշինյանը։ Միևնույն ժամանակ, գործարքի հեղինակը նշում է, որ գնորդը կանադացի գործարար է։ 


Ընդգծենք՝ հոդվածում չկան Փաշինյանին վերագրվող գործարքն ապացուցող փաստաղթեր կամ հետաքննական այլ նյութեր։ 


Մի քանի օրական կայքը Тhe Times of Canada է ձևանում 


Լուրը տարածած կայքը, որ գրանցվել է timescanada.ca դոմեյնով, ընդամենը մի քանի օրական է․ ըստ WHOIS հարթակի՝ այն գրանցվել է 2025 թվականի սեպտեմբերի 4-ին, որից օրեր անց էլ հրապարակել է վերոհիշյալ հոդվածը։