Սուրեն Պապիկյանը Հանրային խորհրդի անդամների հետ քննարկել է պաշտպանության ոլորտին վերաբերող հարցեր

Սեպտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում հանդիպել է Հանրային խորհրդի անդամների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:


 

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտին վերաբերող հարցեր։ Նախարարը ներկայացրել է իրականացվող բարեփոխումները և զինված ուժերի զարգացման հեռանկարները, նոր ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք ուղղված են բանակի պաշտպանունակության բարձրացմանը և զինծառայողների սոցիալական ապահովության ամրապնդմանը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է խորհրդի անդամների հարցերին:


 

Նախարար Պապիկյանը նշել է, որ այս գործընթացներում շատ կարևոր ու անհրաժեշտ է նաև հասարակության ակտիվ մասնակցությունն ու աջակցությունը։ Հանրային խորհրդի ներկայացուցիչներն իրենց հերթին կարևորել են բանակի և հասարակության միջև վստահության բարձր մակարդակի ապահովումը:


 

Հանդիպման ավարտից հետո  Հանրային խորհրդի անդամները ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել ռազմական ակադեմիայի տարածքում, ծանոթացել ուսումնանյութական բազային:


 

Հանրային խորհրդի անդամները խորհրդի նախագահ Արա Խզմալյանի գլխավորությամբ նախորդ օրերին այցելել էին նաև ՊՆ ուսումնական զորամասեր և Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան: