«Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հռոմ կամ Իտալիա այցելողների անձնագրերում Կոլիզեյի պատկերով կնիք չի դրվում, Փարիզ կամ Ֆրանսիա այցելողների անձնագրերում Էյֆելյան աշտարակը չեք տեսնի, Լոնդոն կամ Մեծ Բրիտանիա այցելողների անձնագրերում Բիգ Բենը չկա… Նրանք ինքնության հաստատման համար խորհրդանիշների կարիք չունեն, իրական գետնի վրա կան ու հենց այդ պատճառով են Կոլիզեյը, Էյֆելյան աշտարակը, Բիգ Բենը դարձել սիմվոլներ… Մենք մեր ինքնության հաստատման ճանապարհը խորհրդանիշներով ենք փորձում անցնել, նրանք կարողացել են խորհրդանիշները նույնականացնել իրականության հետ: Ինչու՞ մենք դա չենք արել: Որովհետև մենք ո՞վ ենք, որ հարց լուծենք, մենք ո՞վ ենք, որ անկախ լինենք, մենք ո՞վ ենք, որ իշխանություն ընտրենք՝ այս մտայնությունն է իշխել ու թելադրել հանրային կարծիք: Այ, որ անձնագրում Սիս-Մասիս ուրվագիծը լինի, աշխարհը կիմանա՝ մենք ո՞վ ենք… Չիմացավ, ոչ էլ հասկացավ: Մենք մեզ խաբել ենք, որովհետև համարել ենք, որ թույլ ու անկարող ենք, բայց ի՞նչ ենք արել ուժեղ ու կարող լինելու համար: Հարցը սա է՝ ոչ թե անձնագրային նշումներում Մասիս-Սիս կլինի, թե ոչ: Ինքնիշխանության հաստատումը խորհրդանիշներով չէ, իրական գետնի վրա է՝ անվտանգությամբ, տնտեսությամբ, բանակով, բայց նախևառաջ՝ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՄԲ՝ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ…
Հ.Գ.
…Եվ չասեք՝ Արարատը քաղաքակրթական, աստվածաշնչյան սիմվոլ է, Արարատը մեր սրտում է ու կնիքվելու կարիք չունի մեր սիրտը…