Փորձում են կեղտոտել ու փչացնել ամենամաքուրն ու չքաղաքականացվածը․ Համոզված եմ՝ մեր սիրելի արտիստը` Մկոն, իրեն բնորոշ համեստությամբ կշարունակի անել իր գործը․ Առուշանյան

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Առաջին դեպքը չէ, ցավոք, ոչ էլ վերջինը, երբ հասարակության մի փոքր զանգված, բացառապես քաղաքական նկատառումներով, փորձում է կեղտոտել ու փչացնել ամենամաքուրն ու չքաղաքանացվածը, արժեքավորը, որը քննարկման առիթ անգամ չպետք է դառնար:


Փորձում են, բայց հաջողու՞մ են արդյոք:


Մկրտիչ Արզումանյանը մեր ժամանակների ամենատաղանդավոր արտիստներից է, միևնույն ժամանակ համեստ, զուսպ ու աշխատասեր մարդ, որը երբևէ չի տրվել որևէ ժամանակի սադրանքի, լուռ աշխատել է, իր գործն արել, արժեք ստեղծել:


Արժանապատիվ հայ մարդ, որը վստահաբար, իր մեջ կրում է նաև գյումրեցու պատվախնդրություն:


Ցավում եմ, որ մենք դեռ չենք կարողանում ըստ արժանիքի գնահատել այն մարդկանց, որոնք իսկական նվիրյալ են, արդարամիտ են, քաղաքականացված չեն, թեև այսօր փորձում են քաղաքական շարժառիթներով թիրախավորել արտիստին:


Մեր տաղանդավոր հայրենակիցներին անհիմն ու անիմաստ, իբր թե սուր քննադատության արժանացնելով` հարվածում ենք ինքներս մեզ ու մեր ինքնությանը, մեր իսկական արժեքներին: Խորհուրդ կտամ` պարզապես հեռու մնալ նրանցից: Ինչը անբիծ է` կեղտոտել պարզապես չի ստացվի, որովհետև ձեր որևէ մեղադրանք չունի հիմք և խոսք է օդում:


Համոզված եմ, որ մեր սիրելի արտիստը` Մկոն, իրեն բնորոշ համեստությամբ կշարունակի անել իր գործը` մնալով իսկական հային ու գյումրեցուն բնորոշ որակներին հավատարիմ: