Պուտինը «Մուլինո» զորավարժարանում հետևել է «Արևմուտք-2025» զորավարժությունների ընթացքին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Մուլինո» զորավարժարանում հետևել է «Արևմուտք-2025» զորավարժությունների ընթացքին:


Պուտինը «Արևմուտք-2025» ռազմավարական զորավարժություններին եկել է զինվորական համազգեստով։


ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը գերագույն գլխավոր հրամանատար, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է «Արևմուտք-2025» ռուս-բելառուսական համատեղ ռազմավարական զորավարժությունների ընթացքի մասին:


Բելոուսովը նշել է, որ «Արևմուտք-2025» համատեղ ռազմավարական զորավարժության անցկացմանը համատեղ ուժերը ձեռնամուխ են եղել ՌԴ և Բելառուսի զինված ուժերի պլանային պատրաստության շրջանակում սեպտեմբերի 12-ի ժամը 9։00-ից:


«Միջոցառմանը ռուսական կողմից ներգրավվում են ռազմական կառավարման մարմինները, Լենինգրադի և Մոսկվայի ռազմական շրջանների զորքերը, միավորումները, օդատիեզերական ուժերի, օդադեսանտային զորքերի և կենտրոնական ենթակայության զորամասերը, Հյուսիսային և Բալթյան նավատորմերի ուժերը։ Բելառուսական կողմից՝ տարածաշրջանային խմբավորման մեջ մտնող զորքերը»,-ասել է Բելոուսովը։


Պուտինն ուսումնասիրել է «Արևմուտք-2025» զորավարժությանը մասնակցող սպառազինությունն ու տեխնիկան։


Նա հայտարարել է, որ զորավարժությունների շրջանակում միջոցառումներ են անցկացվում 41 զորավարժարաններում, մասնակցում է 100 հազար զինծառայող, ներգրավված է սպառազինության և տեխնիկայի մոտ 10 հազար համակարգ:


ՌԴ նախագահը հաջողություն է մաղթել «Արևմուտք-2025» ռուս-բելառուսական ռազմավարական զորավարժությունների մասնակիցներին: