Սեպտեմբերի 16-ին Փարիզում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև` ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի տնօրինության ղեկավար Բրիս Ռոքֆոյի գլխավորությամբ:
ԱԳՆ-ից հայտնում են, որ խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսության, ենթակառուցվածքների, պաշտպանության և մշակույթի ոլորտներում հաստատված համագործակցության ծրագրերը, դրանց զարգացման ու ընդլայնման հեռանկարները։
Քննարկվել է նաև միջազգային կազմակերպություններում և այլ բազմակողմ հարթակներում առկա համագործակցությունը:
Այդ համատեքստում ընդգծվել է մշտապես միմյանց աջակցելու, ինչպես նաև երկու երկրների համար զգայուն և առանձնակի կարևորություն ունեցող հարցերի շուրջ մոտեցումների մերձեցման նպատակով լրացուցիչ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը: