Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն այսօր շրջել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններով ու ծանոթացել կոյուղագծերի կառուցման և վերակառուցման աշխատանքներին։
Լրագրողների հետ զրույցում Կամո Արեյանը տեղեկացրեց,
որ քաղաքային ծրագրերով մայրաքաղաքում իրականացվում են առաջնահերթ վերակառուցման և
կառուցման ենթակա կոյուղագծերի, ջրահեռացման համակարգի արդիականացման աշխատանքներ,
և այս տարվա հաստատված ծրագիրն ընդգրկում է 22 հասցեներ՝ 9 վարչական շրջաններում։
Այս ծրագրի ծավալի ընդհանուր
երկարությունը կազմում է 9,4 կմ և ընդգրկում է այն հասցեները, որոնց ընտրությունը կատարել
են՝ հաշվի առնելով ցանցի ֆիզիկական մաշվածությունը, քայքայված վիճակը, բնակիչների բողոքները։
Կամո Արեյանը նաև տեղեկացրեց,
որ մայրաքաղաքում կա 83 հասցե՝ 92 կմ երկարությամբ 15 000 բաժանորդի բաժին հասնող հատված,
որտեղ չկա կոյուղի։
«Վերջին երկու տարում քաղաքապետ
պարոն Ավինյանի նախաձեռնությամբ մեկնարկեց չկոյուղացված թաղամասերի կոյուղացման ծրագիրը։
Այդ 83-ից 12-ում արդեն ունենք կառուցված մեծ ու փոքր ծավալի նոր կոյուղագծեր»,- ասաց
Կամո Արեյանը։
Վերջինիս խոսքով՝ նշված հասցեները
«Վեոլիա ջուր» ընկերության հետ են ընտրել՝ որպես անհետաձգելի վթարավտանգ իրավիճակում
գտնվող հասցեներ, բայց կոյուղատար ցանցի վերակառուցման արդիականացման խնդիրը գլոբալ
է, և հիմա իրենք պլանավորել են իրենց աշխատանքը և 2026 թվականի համար արդեն պատվիրել
են ևս 30 հասցեի կոյուղատար ցանցի կառուցման, վերակառուցման աշխատանքների նախագծանախահաշվային
փաստաթղթերը, որպեսզի պատրաստ լինեն և ֆինանսների առկայության դեպքում իրականացնեն
մրցույթ և շինարարություն։ Նույնը վերաբերում է հեղեղատարներին։ Քաղաքապետի հանձնարարությամբ
2025 թվականի սկզբից պատրաստել են մայրաքաղաքի 50 հասցեների հեղեղատար, անձրևատար ջրերի,
մակերևութային ջրերի հեռացման համակարգի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը,
52 կմ-ի նախահաշվային արժեքը գնահատվել է 10 միլիարդ դրամ, սակայն Երևանի բյուջեն չունի
հնարավորություններ այդքան գումար ներդնելու, այն
էլ պետական գույքի վրա, որի սպասարկումն իրականացնում է մասնավոր ընկերություն։
Ինչ վերաբերում է Մալաթիա-Սեբաստիա
վարչական շրջանում իրականացվող կոյուղագծերի վերակառուցման աշխատանքներին, ապա վարչական
շրջանի ղեկավարն ասաց, որ խնդիրները շատ են, բայց համատեղ աշխատանքի շնորհիվ մինչև
2026 թվականի վերջը կփորձեն դրանք ամբողջությամբ լուծել։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան