Երևանում նույն սննդի կետում սնված 12 քաղաքացիներ հայտնվել են հիվանդանոցում

Անմիջապես արձագանքելով Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից (ՀՎԿԱԿ) ստացված հաղորդագրությանն այն մասին, որ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն է ընդունվել 12 անձ՝ սուր աղիքային վարակ ախտորոշմամբ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել անհատ ձեռնարկատեր Սամվել Շահբազյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, փ․ Կոմիտաս 51), որտեղ սնվել են քաղաքացիները:


Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:


Տեսչական մարմնի Արագ արձագանքման բաժնի և Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման ընթացքում նմուշառում է կատարվել առկա հումքից, սննդամթերքից և հանձնվել լաբորատոր փորձաքննության: Նաև պարզվել է, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների կոպիտ խախտումներով:


Մասնավորապես՝


  • սննդի կառույցը ապահովված չի եղել տաք ջրով,
  • օդափոխության համակարգը գտնվել է կեղտոտ վիճակում,
  • շինությունների պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,
  • մուտքի դուռը բացվել է դեպի խոհանոցային տարածք և չի ունեցել միջատապաշտպան ցանց,
  • սննդային թափոնների համար նախատեսված բեռնարկղը կառուցված չի եղել այնպես, որ հնարավոր լինի դրանք մաքրել և ախտահանել,
  • սարքավորումները, գործիքները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման։

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։


Լաբորատոր հետազոտության արդյունքները կհրապարակվեն: