Ռադիոթերապիայի մեկ սեանսը Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում արժե 40 000 դրամ․ նախարարը պարզաբանում է

Առողջապահության նախարարության Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում ռադիոթերապիայի ծառայությունների 1 սեանսի արժեքը` որպես հիմնադիր, սահմանել ենք այս պահին 40000 դրամ, մինչև նոր չափորոշիչների համաձայն գնահատման գործընթացը կավարտվի, և պետությունը կփոխհատուցի նոր գներով: Այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

 

«Մինչ այդ մենք, առաջնորդվելով բուժառուների շահերով, ավելի քիչ գումար ենք գանձում քաղաքացիներից:


 

Բացատրեմ. այս բուժծառայությունից օգտվում են սոցիալական որևէ խումբ ունեցող և սոցիալական խումբ չունեցող քաղաքացիները:

 


Սոցիալական խմբի պատկանող մեր քաղաքացիներին այս ծառայությունը տրամադրվում է ամբողջովին պետական պատվերով, քաղաքացու համար ամբողջովին անվճար. քաղաքացու տեսանկյունից` իրեն մատուցվող ծառայության որակի և ծավալի առումով որևէ ազդեցություն չունի:


 

Համավճարով սպասարկվող քաղաքացիների դեպքում, առաջնահերթ համարելով քաղաքացու շահը, նվազ գին ենք սահմանել (20 000 դրամ` 32 000-ի փոխարեն):


 

Հիմա խոսեմ օրինակով. եթե մի օր որոշենք սոցիալապես խմբի որևէ բուժծառայություն տրամադրել ակցիայի շրջանակում, ինչը նորմալ պրակտիկա է, ստացվելու է, որ սո՞ւտ ենք ասել:

 


Էրեբունի բժշկական կենտրոնում ռադիոթերապիայի ծառայության արժեքը 64000 դրամ է, Ֆանարջյանում` 40 000 դրամ:


 

Մենք պետական բժշկական կենտրոն ենք և, այո՛, մեզ համար էականը ոչ միայն շահույթի գեներացումն է, այլև բուժառուի` մեր քաղաքացու շահը»,- գրել է նախարարը: