Ռուսաստանը անփոփոխ կերպով հանդես է գալիս Հայաստանի և Թուրքիայի միջև շուտափույթ հաշտեցման օգտին՝ դա համարելով Հարավային Կովկասում ամուր խաղաղության հաստատման և կայուն զարգացման ապահովման անհրաժեշտ նախապայման։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների հանդիպումը Երևանում։
Ռուս դիվանագետը հիշեցրել է, որ հայ-թուրքական բանակցությունների
առաջին փուլը տեղի է ունեցել 2022 թվականի հունվարին Մոսկվայում։
«Պատրաստ ենք հետագայում ևս աջակցել այդ ջանքերին,
այդ թվում՝ «3+3» ձևաչափով։ Հուսով ենք, որ Անկարայի և Երևանի միջև համաձայնագրեր մշակելիս
հաշվի կառնվեն տեղում ստեղծված իրողությունները և Հարավային Կովկասում հարևանների շահերը»,-
նշել է նա։
Դրա համար, դիվանագետի խոսքով, կարևոր է բացառել
արտաքին խաղացողների ապակառուցողական միջամտությունը այս ոչ հեշտ բանակցային գործընթացում։