Այս մարդիկ Հայաստանը պատկերացնում են զուտ մատաղի գործիք՝ հանուն քաղաքական շահի կամ մի փոր հացի. Հովհաննիսյան

ԱԺ«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է Ղարաբաղի նախկին պատգամավոր Մետաքսե Հակոբյանի վերջին հարցազրույցից արված լուսապատճեն ու գրառում կատարել:


«Տարիներ շարունակ ՀՀ քաղաքացու հարկերով, որպես Ղարաբաղի պատգամավոր, աշխատավարձ ստացած, տասնամյակներ Ղարաբաղի ժողովրդին խաբած, հետո նաև, իր մասնակցությամբ, մեկ ստորագրությամբ ԼՂ-ն լուծարած, տեղահանումից հետո Հայաստանում ցոփ ու շվայտ կյանքով ապրող այս տիկինն ասում է՝ «պետք է ունենանք հզոր Հայաստան, որի միջոցով հասնենք Արցախ»։


Այս մարդիկ թե՛ գիտակցական, թե՛ ենթագիտակցական մակարդակում Հայաստանի Հանրապետությունը պատկերացնում են` որպես բացառապես գործիք, որը կարելի է մատաղ անել, որի քաղաքացիներին կարելի է տանել, դնել զոհասեղանին` հանուն իրենց քաղաքական շահերի կամ այս տիկնոջ դեպքում, միգուցե, մի փոր հացի համար։


Գոնե լռե´ք ու մարդկանց աչքին մի´ երևացեք այսքանից հետո»,- գրել է Հովհաննիսյանը: