Հայաստանի Հանրապետությունը այդ տեքստի ձևակերպմանը որևէ կերպ չի մասնակցել և բանակցությունների կողմ չի եղել. Նիկոլ Փաշինյանը՝ Ռուսաստանի, ԼՂ-ի ու Ադրբեջանի պայմանավորվածության մասին
«Լեռնային Ղարաբաղի պաշտոնական տեղեկատվական էջերից իմացանք, որ ԼՂ իշխանությունները ընդունել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ: Սա վերաբերում է երեկ կեսօրից Ադրբեջանի կողմից մեկնարկված հարձակման արդյունքում բռնկված ռազմական գործողություններին»,- իր ուղերձում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց. «ՀՀ-ն որևէ կերպ չի մասնակցել այդ տեքստի ձևակերպմանը և քննարկումների կողմը չի եղել»:
Խոսելով այն մասին, որ տեքստում հիշատակվում է ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերման մասին՝ վարչապետն ասաց. «Այդ փաստը մեզ համար այնքան էլ հասկանալի չէ այն պայմաններում, երբ բազմիցս ասել ենք, որ 2021թ. օգոստոսից ՀՀ-ն ԼՂ-ում բանակ չունի: Բայց ամեն դեպքում այս հայտարարությունը և ԼՂ իշխանությունների կողմից դրա ընդունումը ընդունում ենք ի գիտություն»: