ԼՂ-ի դեմ հարձակման նպատակն էր Հայաստանը ներքաշել ռազմական գործողությունների մեջ. դա է վկայում ՀՀ-ի հետ կապ չունեցող այդ տեքստում ՀՀ-ի անունը հիշատակելը. վարչապետ
ԼՂ իշխանությունները ընդունել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ, և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդ կապակցությամբ իր ուղերձում ընդգծեց. «ՀՀ-ի հետ ըստ էության կապ չունեցող այդ տեքստում Հայաստանի Հանրապետության անունը հիշատակելը արդարացնում է երեկվա իմ այն վարկածը, մոտեցումը և գնահատականը, որ ԼՂ-ի դեմ հարձակման նպատակներից մեկը Հայաստանի Հանրապետությանը ներքաշելն է ռազմական գործողությունների մեջ: Ինձ համար գնահատականը մեկն է՝ եթե ՀՀ-ին հնարավոր լիներ ներքաշել ռազմական գործողությունների մեջ, դրա խորքային թիրախը պետք է լիներ ՀՀ անկախությունը և ինքնիշխանությունը»: 

Վարչապետը նշեց, որ ամեն դեպքում տեղի ունեցածը ընդունում են ի գիտություն և կշարունակեն հետևել զարգացումներին: 

ՀՀ վարչապետի վերջին տեղեկություններով՝ ռազմական գործողությունների ինտենսիվությունը ԼՂ-ում կտրուկ նվազել է, իհարկե չի զրոյացվել. «Մենք հույս ունենք, որ ռազմական էսկալացիան չի շարունակվի: Հիմա ամենակարևոր հարցն այն է, որ ԼՂ հայերի՝ իրենց տներում ապրելու իրավունքը լիարժեք ապահովվի ՌԴ կողմից: Մենք կհետևենք իրադարձություններին և գուցե էլի որոշակի մտքերի փոխանակում ունենանք մեր միջազգային գործընկերների հետ կապված: Եվ լրացուցիչ ասելիք և գնահատական ունենալու պարագայում անպայման այն կկիսենք ձեզ հետ»: