Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում: Առաջարկին առնչվող «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններն ու լրացում կատարելու նախագիծը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին:
Պետական այլ մարմիններում ծառայած և Պրոբացիայի ծառայության պաշտոններում նշանակված պրոբացիայի ծառայողներին հերթական կոչումը շնորհելիս հաշվի է առնվում նաև այդ մարմիններում տվյալ կոչումով (դասային աստիճանով) ծառայության ժամկետը: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը:
Զեկուցողը նշել է, որ այս կարգավորումը գործում է բոլոր ուժային կառույցներում, և ստեղծվել է մի իրավիճակ, երբ, օրինակ, Ոստիկանության ծառայությունից ծառայողն անցնում է Պրոբացիայի ծառայության և ծառայության տարիները հաշվի չէին առնվում կոչումներ շնորհելու համար: Գևորգ Քոչարյանի խոսքով փոփոխության նպատակն է լրացնել Պրոբացիայի ծառայությունում առաջացած բացը:
Օրինագծով առաջարկվում է նաև կատարել լրացում և պրոբացիայի ծառայողներին՝ որպես խրախուսանք, հնարավորություն ընձեռել շնորհելու զբաղեցրած պաշտոնի համապատասխան կոչումից 1 աստիճանով ավելի բարձր կոչում՝ բացառությամբ արդարադատության գնդապետի կոչումի:
Հարակից զեկուցող, պատգամավոր Լիլիթ Մինասյանը կարևորել է օրենքի նախագծի ընդունումը և առաջարկել կողմ քվեարկել: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Առաջարկվել է այն ընդգրկել առաջիկա ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:
Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է հանձնաժողովի՝ սեպտեմբերի 22-ի նիստում: