Քննարկվել են Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվելիք «Մրցունակ և դիմակայուն գյուղատնտեսություն» ծրագրին առնչվող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Զարկոնեին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

 


Հանդիպման սկզբում նախարար Պապոյանը շնորհավորել է պարոն Զարկոնեին՝ գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նրա գործունեության ընթացքում Հայաստանի ու Համաշխարհային բանկի միջև ձևավորված ամուր համագործակցությունը կշարունակի ընդլայնվել։


 

Քննարկման ընթացքում կողմերը անդրադարձել են Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվելիք «Մրցունակ և դիմակայուն գյուղատնտեսություն» (CARA) ծրագրին՝ ներկայացնելով դրա հիմնական բաղադրիչները, առաջնահերթ գործողությունները և իրականացվող աշխատանքների ժամանակացույցը։

 


Ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղատնտեսության արտադրողականությունը՝ ապահովելով տեխնոլոգիաների և ներդրումների հասանելիություն, խթանելով կլիմայի նկատմամբ կայուն գյուղատնտեսական համակարգերի զարգացումը։


 

Ծրագրում հատուկ ուշադրություն է դարձվում նաև Հայաստանի գյուղատնտեսության թվայնացմանը։


 

CARA-ն միտված է նաև գյուղատնտեսության ոլորտում տնտեսական կայունության ապահովմանը՝ խթանելով ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ու նոր տնտեսական հնարավորությունների ստեղծումը։