Տիգրան Ավինյանը Թբիլիսի կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է քաղաքապետ Կախա Կալաձեի հետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Թբիլիսի կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է գործընկերոջ՝ քաղաքապետ Կախա Կալաձեի հետ։


Այս մասին Ավինյանը հայտնել է «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում՝ նշելով, որ երկու ժողովուրդներին կապող դարավոր բարեկամությունն ու հարևանությունն այսօր վերածվել են նաև արդյունավետ համագործակցության երկու մայրաքաղաքների միջև։


«Երևանը մեծապես կարևորում է Թբիլիսիի հետ հարաբերությունների զարգացումը։ Հանդիպման ընթացքում քննարկեցինք այն ուղղությունները, որոնք կարող են դառնալ փոխշահավետ և արդյունավետ գործընկերության հիմք՝ նպաստելով մեր քաղաքների զարգացմանը և մեր քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը։


Այցի շրջանակում առանձնահատուկ իրադարձություն է նաև այն, որ այսօր Թբիլիսիի Ռուսթավելիի անվան պետական թատրոնում ելույթ կունենա «Երևան» երիտասարդական նվագախումբը՝ նվիրված Հայաստանի անկախության տարեդարձին»,- գրել է Երևանի քաղաքապետը: