Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հայտնաբերվել են մարդկային մարմնի մնացորդներ, այդ թվում՝ 2 գանգ

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում գտնվող, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնին հարակից գերեզմանների տարածքով անցնող երկաթգծերի վրա մարդկային մարմնի մնացորդներ կան: 


 
Shamshyan.com-ը հայտնում է՝ տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է, ապա դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի և բաժնի պետի տեղակալ Արտյոմ Թամրազյանի գլխավորությամբ:  Տեղում հայտնաբերվել է մարդկային մարմնի մնացորդներ, 2 գանգ, ատամնաշար: 
 


Դեպքի մասին տեղեկությունը ոստիկանության Ավանի բաժնից փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:  Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 



Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքում կպարզեն հայտնաբերված մարդկային մարմնի մնացորդները կնո՞ջ, տղամարդո՞ւ, թե՞ երեխայի են պատկանում։