Մենք երբեք չենք ունեցել խոսույթ, թե ով մեր կողքին չէ՝ Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի կողքին է. Մանավազյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ խոսքն ուղղելով այլակարծություն չհանդուրժող ու ատելություն տարածող ընդդիմությունը:


«Հայաստանյան ներկայիս ընդդիմության մեծ մասը թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական գրեթե ամենօրյա կտրվածքով ատելություն է տարածում և ստիպում քաղաքացիներին իրենց հետ լինել, այլապես նրանք կարժանան վիրավորանքի, ծաղրի, նրանց կմեղադրեն Հայաստանի 30 տարվա բոլոր խնդիրների համար։


Սա, իհարկե, նպատակաուղղված քաղաքական տեխնոլոգիա է։ Փորձում են քաղաքացիներին, որոնք անգամ քաղաքական առումով չեզոք դիրքորոշում ունեն, ասել, որ եթե մարդիկ իրենց կողքին չեն կանգնում, ուրեմն իշխանության կողքին են, եթե իրենց կողքին չեն, ուրեմն դավաճան են և այլն։ Այս փաստազուրկ բառամթերքը բազմիցս ենք լսել։ Երկակի ստանդարտներով ապրող ընդդիմությունը երբեք չի ընդունել տասնյակ տարիների ընթացքում Հայաստանում իրենց արած սխալները, գողացված միլիարդները և ամեն ինչ փորձում է իր վրայից գցել միայն ու միայն մեր իշխանության վրա. սովոր ենք։


Երբ մենք ընդդիմություն էինք, երբեք չենք ունեցել խոսույթ, որ ով մեր կողքին չէ, ապա Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի կողքին է, ու սա շատ պարզ բացատրություն ունի. մարդիկ կարող են նաև ոչ մեկի կողքին չլինել կամ չունենալ բավականաչափ վստահություն։ Ներկայիս ընդդիմությունը, 2018 թվականից սկսած, ատելություն քարոզելով, փորձում է յուրաքանչյուրին ներքաշել իր կեղտոտ ծրագրերի մեջ։


Սրա օրինակները մենք տեսել ենք նաև հանրահայտ մարդկանց թիրախավորելու տեսքով` Տիգրան Մանսուրյան, Արթուր Ալեքսանյան, Մկրտիչ Արզումանյան։ Այո՛, ըստ էության, ընդդիմությունը ասում է, եթե մեզ հետ չեք, ապա մենք ձեզ ամենավերջին բառերով վիրավորելու ենք։ Նրանք խաղում են հասարակ մարդկանց հույզերի հետ, փորձում են իշխանության դեմ լարել բոլորին, բայց, իհարկե, ժողովուրդը քանիցս ապացուցել է, որ նման թեզեր հեղինակած տխմար քաղտեխնոլոգների ծրագրերը ամեն անգամ ձախողման են դատապարտված։ Բայց այս մասին ևս պետք է խոսել, որ մեր հանրության համար պարզ լինի, թե իրականում ինչպես է գեներացվում ատելության խոսքը մեր ժողովրդի դեմ։


Մեր իշխանության համար չկան չեզոք, մերոնքական կամ ձերոնքական քաղաքացիներ, բոլորը մեր հայրենակիցներն են, մեր կառուցած դպրոցները, մանկապարտեզները, ճանապարհները, մեր աջակցության ծրագրերը, մեր կազմակերպած միջոցառումները բոլորի համար են»,- գրել է Մանավազյանը: