Նման «ճ» կարգի լուրեր տարածողները կարող են մեծ հարված հասցնել ԲՀԿ-ի վարկանիշին. Հարությունյանը՝ Աբովյանի մասին

ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանն իր էջում տեղադրել է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի հրապարակումը, որն օրեր առաջ արդեն հերքվել էր և տարբերակվել որպես ֆեյք:


«Արման Աբովյանը, չնայած մեր հերքումներին, իր տելեգրամ ալիքով կիսվել է պարոն Սիմոնյանին և իր եղբորը վերաբերող ֆեյք լուրով։


Հետաքրքիր է`


  • արդյո՞ք Արման Աբովյանը միտումնավոր է կիսվել ֆեյք լուրով,
  • արդյո՞ք Արման Աբովյանը սեփական նախաձեռնությամբ է կիսվել այդ նյութով,
  • արդյո՞ք Արման Աբովյանը, լինելով լրագրող-վերլուծաբան չի տիրապետում մեդիագրագիտության տարրական կանոններին,
  • արդյո՞ք ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը տեղյակ է իր թիմակցի վարքագծից, ով «ճ» կարգի նյութեր կիսելով է զբաղված։


Հուսանք` պարոն Ծառուկյանը խորհուրդ կտա իր թիմակցին ավելի զգույշ լինել նման հարցերում, այլապես հաջորդ տարի տեղի ունենալիք ընտրություններում նման «ճ» կարգի նյութեր տարածող թիմակիցները կարող են մեծ հարված հասցնել ԲՀԿ-ի վարկանիշին»,- գրել է Հարությունյանը:


Հիշեցնենք՝ օրերս նա հայտնել էր, որ հերթական կեղծիքն է տարածվում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասին, թե իբր նրա եղբայրը ինչ-որ հիմնադրամի ղեկավար է նշանակվել, ինչն իրականության հետ որևէ աղերս չունի: 


Նյութում նաև առկա են ազգային անվտանգությանն առնչվող կեղծ պնդումներ, այդ թվում՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի մասին, ուստի նյութն ուղարկել ենք նաև Ազգային անվտանգության ծառայություն»,- ասվում էր գրառման մեջ: