Իրավապահները պետք է սեղմ ժամկետներում հայտնաբերեն սպանությանն առնչություն ունեցող բոլոր ստահակներին. Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Մերձավանում տեղի ունեցած կրակոցներին, որի հետևանքով սպանվել են Փարաքարի համայնքապետն ու ևս մեկ անձ:

 

«Խորին ցավակցություններս Փարաքար համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի, ոստիկան Կարեն Աբրահամյանի հարազատներին և ընկերներին:

 

Տեղի ունեցածը սարսափելի է ու զարհուրելի: Իրավապահները պետք է մաքսիմալ սեղմ ժամկետներում հայտնաբերեն սպանությանն առնչություն ունեցող բոլոր ստահակներին»,- գրել է Ալեքսանյանը:

 

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ևս անդրադարձել է դեպքին և գրել.

 


«Սարսափելի է լսել Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության մասին լուրը։


 

Ցավակցում եմ հարազատներին, ընկերներին։ Սպանությունը պետք է բացահայտվի, մեղավորները արժանանան խիստ պատժի»։


 

Մերձավանի կրակոցների և սպանությունների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:


 

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Սպանվել են Փարաքարի համայնքապետն ու ևս մեկ անձ: Մեկ անձ վիրավոր է:


 

Մերձավանի կրակոցների հետևանքով զոհված երկրորդ անձը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է: