Հայաստանում սահմանվում են նոր կարգավորումներ՝ չափածրարված արտադրանքների առնչությամբ

Հայաստանում սահմանվում են նոր կարգավորումներ՝ չափածրարված արտադրանքների առնչությամբ. արտադրողներն ու վաճառողները պարտավոր կլինեն ապահովել փաթեթավորված ապրանքների իրական քանակի և նշված ցուցանիշների համարժեքությունը: 


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը հավանություն ստացավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: 


Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանի խոսքով՝ օրենքի նախագիծն ուղղված է չափումների ոչ հավաստի արդյունքների բացասական հետևանքներից սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, տնտեսության զարգացմանը և գիտատեխնիկական առաջընթացին:

 

Մի շարք ենթաօրենսդրական իրավական ակտերով սահմանվում են 4 դիրեկտիվներ: 


«Առաջինը՝ չափածրարված արտադրանքի կարգավորում. սպառողներին կապահովի հստակ և հավաստի տեղեկատվություն ապրանքի քանակի և ծավալի մասին, արտադրողներն ու վաճառողները պարտավոր կլինեն ապահովել փաթեթավորված ապրանքների իրական քանակի և նշված ցուցանիշների համարժեքությունը: 


Երկրորդը՝ ոչ ավտոմատ կշեռքների կիրառում. խանութներում և շուկաներում օգտագործվող կշեռքները պետք է բավարարեն ԵՄ պահանջներին՝ ապահովելով ճշգրիտ և հավաստի կշռման տվյալներ գնորդների համար: 


Երրորդ՝ չափիչ շշերի կարգավորում. որոշ ապրանքների համար շշերը կդիտարկվեն որպես չափիչ անոթներ, դրանք կունենան հստակ սահմանված չափորոշիչներ՝ երաշխավորելով արտադրանքի ծավալի հաշվառման թափանցիկությունն ու միասնականությունը: 


Չորրորդ՝ չափման միջոցների կարգավորում. գազի, ջրի, էլեկտրաէներգիայի հաշվիչները, վառելիքների դիսպենսերները և նմանատիպ սարքերը պետք է լինեն ճշգրիտ, հուսալի և պաշտպանված ցանկացած ծրագրային միջամտությունից՝ ապահովելով, որ հաշվիչների ցուցմունքները հնարավոր չլինի դիտավորությամբ կամ պատահականորեն խեղաթյուրել»,–ասաց փոխնախարարը:


 Նա նկատեց՝ այլ չափածրարված ապրանքները, որ հենց չափածրարված արտադրում են, քիչ թե շատ կարգավորված են, պիտակ ունեն: 


 «Այն չափածրարված ապրանքը, որ հենց տնտեսավարողն է տալիս, օրինակ՝ տեղում մեծ շաքարավազը բաժանում է՝ կարգավորված չէ: Տրվում են կարգավորումներ, որը սահմանելու է ծավալի և քանակի մասով հստակ պահանջներ, որ չստացվի իրավիճակ, որ կոնֆետների մեծ տուփ է վաճառվում, բայց դրա մեջ 7 հատ կոնֆետ է, բայց տպավորություն է ստեղծվում, թե տուփն ամբողջությամբ կոնֆետներով լցված է»,-ասաց Հովակիմյանը: