Հայտնաբերվել է 18 կրակված պարկուճ, դեպքը տեսագրվել է. քննիչը մանրամասներ է հայտնել Մերձավանի սպանություններից

«Դիմակավորված անձը իր մոտ գտնվող ինքնաձիգից կրակահերթ է արձակել Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի, վերջինիս ընկերոջ՝ ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանի և նրանց հետ գտնվող Արծրուն Գալստյանի ուղղությամբ, ինչի հետևանքով Վալոդյա Գրիգորյանը և Կարեն Աբրահամյանը տեղում մահացել են, իսկ Արծրուն Գալստյանը տեղափոխվել է ԲԿ»:

Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արտակ Հովհաննիսյանը: 

Նրա փոխանցմամբ՝ անմիջապես ձեռնարկվել են անհրաժեշտ և առաջնահերթ ապացուցողական և վարութային բոլոր գործողությունները, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման նյութի հետքեր, որոնցից կատարվել են նմուշառումներ: Հայտնաբերվել են կրակված պարկուճներ 18 հատ, որոնք ևս վերցվել և առգրավվել են:


«Դեպքի վայրի զննությամբ տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունները ևս առգրավվել են: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատագենետիկական, դատակենսաբանական: Հարցաքննվել են մի շարք վկաներ, և շարունակաբար կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ, նաև ոստիկանության հետ համատեղ օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ՝ հանցագործությունը հնարավորինս թարմ հետքերով և շուտափույթ բացահայտելու և մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,- ասել է նա:

Արտակ Հովհաննիսյանը նաև ընդգծել է, որ տեսանկարահանող սարքերը տեսագրել են ամբողջ դեպքը, և ըստ այդմ՝ հայտնի են դարձել կրակողն ու դեպքի մանրամասները՝ ինքնաձիգը, ոտքով վազելով տուժածներին մոտենալու և կրակահերթի արձակման, դիմակավորված լինելու մասին հանգամանքները: