Քոչարյան-Սարգսյան զույգի կառավարման արյունոտ 20-ամյակը կամ՝ 2013-ին Պռոշյանի ՀՅԴ-ական գյուղապետի սպանությունը՝ «բեսպրեդե՞լ», թե՞ «քաղաքական պատվեր»

Սպասելի էր, որ Մերձավան բնակավայրում տեղի ունեցածը՝ Փարաքար համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի սպանությունը, կշահարկվի շահագրգիռ հայտնի խմբակի կողմից, որի օրակարգի անբաժանելի մասը, ինչպես հայտնի է, մահը, սուգը շահարկելն ու ուրիշի ողբերգությունից քաղաքական կապիտալ քաղելն է։  Քանի որ ցինիզմը, սրբապղծությունն  ու անբարոյականությունը, ինչպես ասում են, ոչ ոք չի չեղարկել, ուստի օգտվելով այդ հանգամանքից՝ հիշյալ խմբակը «տաք հետքերով» «բացահայտեց» համայնքի ղեկավարի սպանությունը՝ այն համարելով «քաղաքական», ամբաստանյալի աթոռին էլ նստեցրեց ՀՀ կառավարության ղեկավարին։ Թե՝ գործող իշխանության օրոք քանի որ  չի հանդուրժվում ընդդիմադիր լինելը, ապա այդ կարգավիճակում գտնվողները կամ հայտնվում են բանտում, կամ հատուցում կյանքով՝ դաժանորեն սպանվելով։  


Անբարոյականությա՞ն, թե՞ ցինիզմի «մաստեր կլասս» ցուցադրելու գործում, նկատենք, միմյանց հետ մրցում էին մասնավորապես Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ի ներկայացուցիչներն ու նրանց ուղղորդմամբ ողբ ու կական գեներացնող քարոզչական բանդան, ցավ ի սիրտ՝ նաև իրենց լրագրողի հետ նույնացնող, բայց կոնկրետ այս դեպքում հակալրագրությամբ  զբաղված որոշ սուբյեկտներ։ 


«Նիկոլը ոչ միայն դարձավ Հայաստանի դավաճանը, այլև քաղաքական սպանություններ ու հաշվեհարդարներ իրականացնողը։ Նիկոլի բանդան բեսպրեդելի ու բարդակի է վերածել Հայաստանը»,- թույլ տվեք ասել՝ կաղկանձել է պատգամավորի մանդատ ունեցող Աննա Մկրտչյանը, նրա  կուսակից Արտակ Զաքարյանն էլ վրա է բերել. «Ընդդիմության դեմ մուրճ ճոճելու հետևանքները»՝ եզրակացնելով՝  երկրի ղեկավարը «քրեական ենթամշակույթի դեմ պայքարելով՝ երկիրը տանելու է բանդիտիզմի»:


Անկասկած է, որ այս ճղճիմ շահարկումներն ու հապճեպ  վերդիկտներն արվում են առանց խղճի խայթի, առանց ապրումակցման, ակնհայտ շահադիտությամբ, բացառապես այսրոպեական քաղաքական խնդիր լուծելու, հանրության բացասական էմոցիաները գրգռելու և  գործող իշխանության դեմ տրամադրելու նպատակով։   Նկատենք՝ այս խմբակի համար կարևոր չեն մահվան ու ողբերգության ծագումն ու դրդապատճառը, քանի որ սրբություն չունեցողների համար այն պետք է բացառապես մեկ բանի համար՝ դրանից իրենց քաղաքական «քյարը» քամելու։ Այս խմբակը, ի դեպ, ժամանակին շահարկում էր նաև կորոնավիրուսի հետևանքով արձանագրված մահերը, էլ չասած՝ 44-օրյա պատերազմում զոհվածների կեղծ՝ ուռճացված թիվ շրջանառելով երթ ու քաղաքական նողկալի ակցիաներ էին իրականացնում։  


Եվ դո՞ւք, «Բրուտոսներ»  

Ինչն է աբսուրդ՝  համայնքի ղեկավարի սպանությունը շահարկում են այն ուժի ներկայացուցիչները, որոնց «շեֆի» ու նրա նախորդի պաշտոնավարման օրոք տեղի են ունեցել բազմաթիվ սպանություններ, որոնց մի մասը ժամանակին մեկնաբանվել է որպես  «քաղաքական մոտիվներով» տեղի ունեցած, ավելին՝ արձանագրված սպանություններ, մի մասն էլ ցայսօր մնում է չբացահայտված։ Աննա Մկրտչյանի ու նրա մյուս գործընկերների մտքով  երևի անցած կլինի, որ իրենք ԱԺ պատգամավորի իրենց «սրոկը» «օտբիտ» են անում (ներողություն գողալեզու արտահայտությունների համար) մի հաստատությունում, որի  նիստերի դահլիճում տեղի է ունեցել  ՀՀ Երրորդ հանրապետության ամենաաղմկահարույց ու մասշտաբային սպանդը՝ «Հոկտեմբերի 27»-ը՝ խլելով  ՀՀ կառավարության ղեկավարի, ԱԺ նախագահի,  փոխնախագահների  և ևս հինգ անձի կյանք։ Այդ օրերին դեռևս մանուկ,  թոթովախոս Աննա Մկրտչյանի քաղաքական պատրոնը, ի դեպ, Ազգային անվտանգության  նախարարն էր ու ի պաշտոնե պարտավոր էր իմանալ ու կանխել տեղի ունենալիք ոճրագործությունը։  Արդ, հիմա վարժ ճամարտակող տիկին Մկրտչյանին առաջարկում ենք Սերժ Ազատիչի  հետ առաջիկա հանդիպման ժամանակ նրան հարցնել՝ ՀՀ-ին պատուհասած այդ ողբերգության օրը ինչո՞ւ նա ՀՀ-ում չէր և ինչո՞ւ էր մեկնել Հորադիզ։


Այն շրջանում,  երբ նույն Սերժ Սարգսյանը պետական կարևոր պաշտոն էր զբաղեցնում, երկրի ղեկն էլ նրա զինակից ընկերն էր զբաղեցնում,  ՀՀ-ում տեղի են ունեցել մի շարք այլ սպանություններ, որոնք ժամանակին  մամուլը անմահացրել է «արյունոտ տասնամյակ» վերնագրով։ Այդ մասին՝ ստորև, բայց նախքան այդ  մի հիշեցում աննամկրտչյաններին՝ ի պատասխան  «հաշվեհարդարի ու քաղաքական սպանությունների» մասին  շահարկման։ Արդ,  2013-ի ապրիլի 2-ին գյուղապետարանի շենքի բակում  Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի 50-ամյա դաշնակցական գյուղապետ, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի սպանությունը հաշվեհարդա՞ր էր, թե՞ այլ մոտիվով տեղի ունեցած հանցագործություն։   Գյուղապետը, հիշեցնենք,  մահացել էր աջ քունքի շրջանում անհայտ անձի կողմից արձակված հրազենային վնասվածքից:  Նկատենք, որ ՀՅԴ-ն դեպքից հետո հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես նշել էր՝ «տեղի է ունեցել կանխամտածված ու ծրագրված սպանություն: Ակնհայտ է նաև, որ, անկախ կատարողներից, ոճրագործությունը անպատժելիության ու անհանդուրժողական մթնոլորտի հետևանք է։ Ցավով արձանագրում ենք, որ մեր երկրում երաշխավորված չէ քաղաքացու անվտանգությունը, հանցավոր գործելակերպը մեր կյանքի անբաժանելի մաս է կազմում։ Հրաչ Մուրադյանի կյանքը խլած դավադիր գնդակը ուղղված էր ոչ միայն ազնվագույն հայի և համայնքի սրտացավ ղեկավարի, այլև հայոց պետականության և նրա վարկի դեմ: Դատապարտելով կատարված ոճրագործությունը՝ ՀՅԴ-ն  պահանջում է հանցագործության արագ և լիարժեք բացահայտում՝ կատարողների և կազմակերպիչների նկատմամբ խստագույն պատժի կիրառում»։ Ի դեպ, այս ոճրագործությունը Սերժ Սարգսյանի իրավապահ համակարգը այդպես էլ չբացահայտեց՝ «քնեցրեց» գործը տարիներ շարունակ։ 2015-ին՝ սպանությունից երկու տարի անց, Մուրադյանի այրին բաց նամակով դիմեց Սերժ Սարգսյանին՝ մասնավորապես նշելով.  «Պարոն նախագահ, Հրաչ Մուրադյանը սխալվեց միայն մեկ հարցում. նա չփնտրեց ներքին թշնամուն: Մինչդեռ իր ինքնուրույն ու հստակ կեցվածքով չընդունվեց համակարգի կողմից ու զոհ գնաց հանցավոր մեքենային, քանի որ անկոտրում էր ու անդավաճան իր էությանը: Դա կանխամտածված ու ծրագրված սպանություն էր, որի մասին են վկայում սպանությանը նախորդած հանցագործությունները՝ հարձակումները, մահափորձը: Այն ժամանակ չբացահայտվեցին այդ հանցագործությունները, և անպատժելիությունն ի վերջո հանգեցրեց Հրաչի սպանությանը: Այսօր էլ՝ երկու տարի անց, չի բացահայտվում սպանության գործը: Պարո՛ն Նախագահ, սա մարտահրավեր է ոչ միայն մեր ընտանիքի տոկունությանը, մեր ազգային անվտանգությանը, Հրաչի ընկերների, նրա գործին հավատացողների, պռոշյանցիների ու ամբողջ հասարակության՝ ՀՀ արդարադատության հանդեպ վստահությանը, սա մարտահրավեր է նաև Ձեզ: Ի վերջո, ե՞րբ պետք է ստանանք հարցի պատասխանը, թե մեր երկրում հերոսին, պետական մտածելակերպ ունեցող ղեկավարին ով և ինչու է սպանում, և ե՞րբ է բացահայտվելու սպանությունը, վերականգնվելու արդարադատությունը, և ե՞րբ պետք է վերանա այս անվստահության և անպատժելիության մթնոլորտը»: Աղմկահարույց այս սպանության կասեցված քրեական գործը, նկատենք, բողոքի հիման վրա վերաբացվեց միայն 2018-ի սեպտեմբերին՝ հեղափոխությունից հետո, սակայն նույն թվականի դեկտեմբերին կասեցվեց վարույթը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հնարավոր մեղավոր անձը բացահայտված չէ։ Նկատենք՝ 2019-ին ՀՅԴ վերնախավը բողոքի ցույց էր կազմակերպել, որի ժամանակ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ազդարարեց՝ սպանությանը նախորդող ժամանակաշրջանում Մուրադյանի նկատմամբ տեղի են  ունեցել նրա կյանքի դեմ ուղղված գործողություններ՝ մահափորձ, և եթե իրավապահները պատշաճ արձագանքեին տեղի ունեցածին, ապա Մուրադյանի սպանությունը կկանխվեր։


Չմոռանանք նաև մեկ այլ՝ մինչ օրս չբացահայտված մահափորձ, որը տեղի է ունեցել դարձյալ համայնքապետի նկատմամբ՝ խոսքը Գյումրիի նախկին և գործող  քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասին է։ Վերջինս, հիշեցնենք,  2007 թվականի ապրիլի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Աշտարակ-Գյումրի մայրուղու՝ Աշտարակ քաղաքին մոտակա հատվածում զինված հարձակման ենթարկվեց՝  անհայտ պետհամարանիշի ավտոմեքենայից կրակոցներ արձակվեցին Ղուկասյանի ծառայողական «Մերսեդես»  և նրան ուղեկցող «Գազ-3110» ավտոմեքենաների ուղղությամբ: Կրակահերթի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից երեք անձ տեղում մահացավ, իսկ  Գյումրիի քաղաքապետն ու նրա տեղակալը ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվեցին բժշկական կենտրոն։  Ի դեպ, Վարդան Ղուկասյանը առ այսօր առիթը բաց չի թողնում ազդարարելու, որ իր դեմ իրականացված մահափորձն այդպես էլ մնաց չբացահայտված։ Ավելին, նա ամիսներ առաջ՝ նախքան Գյումրիի ՏԻՄ ընտրությունները, խրոխտ հայտարարեց՝ «եթե ինձ ու ընտանիքիս խփեն, դա կանի միայն Սերժ Սարգսյանը»։ Ղուկասյանի տառապանքը փորձ ունի, եթե մի բան ասում է, ուրեմն մի բան գիտի, որ ասում է։


Քոչարյանը հանցակցո՞ւմ է իր օրոք տեղի ունեցած սպանություններին 

 

Ի դեպ, Վոլոդյա Գրիգորյանի սպանությունը քարոզչական նպատակով շահարկելու զազիր գործին անմասն չէ նաև «արյունոտ տասնամյակի» կառավարիչ Ռ. Քոչարյանի թիմը, հատկապես՝ դաշնակցական թևը։ Թվում էր, թե Պռոշյանի գյուղապետի  դեպքից հետո պետք է առնվազն տարրական բարոյականություն ունենային ու չշահարկեին Փարաքարի համայնքապետի մահը, բայց քանի որ բարոյականությունը քաղաքական կատեգորիա չէ, ուստի ևս լծվել են ողբերգությունից սեփական «քյարն» ունենալուն։ «Երբ իշխանությունն իրական հանցագործությունների ծրագրերը բացահայտելու փոխարեն զբաղված է ձայնագրություններ կտրել-կպցնելով, 18 տարեկան քաղաքացու կալանավորելով, Վեհարան մտնելով, բարերարից վրեժ լուծելով, արդյունքը սա է: Ու սա պարզ բացթողում չէ, սա փաստացի հանցակցություն է երկրում տեղի ունեցող հանցագործություններին»,- դաշնակավարի աղաղակել է ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Արդ, նրա խոսքից  «հայելային  տրամաբանությամբ» կարելի է բխեցնել, որ վերջինիս քաղաքական պատրոնը հանցակցել է իր  օրոք տեղի ունեցած բոլոր սպանություններին, այդ թվում՝ «Մարտի 1»-ի սպանդին ու «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչությանը։ Ինչպես նաև  ՀՀ գլխավոր  դատախազ Հենրիկ Խաչատրյանի,  ՀՀ տրանսպորտի երբեմնի  դատախազ Արամ Կարապետյանի, ՀՀ պաշտպանության փոխնախարար Վահրամ Խոռխոռունու, ՀՀ ՆԳ և ԱԱ փոխնախարար Արծրուն Մարգարյանի, ՀՀ Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վարչության պետ Շահեն Հովասափյանի, «Առագաստ»-ում սպանված Պողոս Պողոսյանի, լրագրող Տիգրան Նաղդալյանի (ամբողջական ցանկն այս հղումով  սպանություններին։   


Նույն տրամաբանությամբ՝ Ռոբերտ Քոչարյանը նաև հանցակցություն ունի իր օրոք արձանագրված առեղծվածային մահերին, մասնավորապես՝ քաղաքագետ-հրապարակախոս  Տիգրան Հայրապետյանի, ՀԿԿ 1-ին քարտուղար, ԱԺ ՀԿԿ խմբակցության նախագահ Սերգեյ Բադալյանի, Վազգեն Սարգսյանի թիկնազորի պետ Մովսես Գեղանգուլյանի, իրավաբանության դոկտոր, պրոֆեսոր, նախկին գլխավոր դատախազ Վլադիմիր Նազարյանի և այլոց։ Սա այն դեպքն է, երբ պետք է ասել՝ քրիստինեվարդանյանները, փաստորեն, այն աստիճան են ուրախացել Փարաքարի սպանության դեպքով, որ ակամա դուրս են  եկել սեփական հետքի վրա՝ ցուցմունքներ  տալով իրենք իրենց դեմ։    


Հեղինե Մանուկյան