Փարաքարի ողբերգությունը, մարդկանց վիշտը քաղաքական դիվիդենտների համար շահարկելը տականքություն է. Դավոյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Փարաքարի համայնքապետի սպանության վերաբերյալ շահարկումներին և մեկնաբանություններին:


«Փարաքարում տեղի ունեցած ողբերգությունը լրագրողները և ընդդիմադիրները միտումնավոր քաղաքական շահարկումների և մեղադրանքների առարկա են դարձնում։


Յուրաքանչյուր հանցագործություն պարտադիր ենթակա է բացահայտման և համարժեք պատժի, իսկ մինչ հանցագործության բացահայտումը հրապարակային մեղադրանքներ հասցեագրելը իշխանություններին կամ որևէ այլ սուբյեկտի ցածր և ստոր արարք է։


Քաղաքական դիվիդենտների համար մարդկանց վիշտը շահարկելը տականքություն է։


Ցավակցում եմ զոհվածների ընտանիքին և բարեկամներին»։


Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 23։52-ին ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Նախնական տվյալներով՝ կան 2 զոհ, 1 վիրավոր։


Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել է տեղի ունեցածը և ընդգծել. «ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց»։