Նախնական գնագոյացման պայմանավորվածություն. միջազգային փորձի ներդրում Հայաստանում

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել նախնական գնագոյացման պայմանավորվածության վերաբերյալ ՀՀ կար­գա­վորումները։ Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է՝ 2025 թվականին արդեն կնքվել է առաջին նախնական գնագոյացման պայմանավորվածության համաձայնագիրը Հարկային մարմնի և ՀՀ խոշոր հարկ վճարողներից մեկի միջև։


Ըստ կարգավորումների՝ նախնական գնագոյացման պայմանա­վորվա­ծութ­յունը գործիք է, որի մի­ջոցով հարկ վճարողը և Հարկային մարմինը նախապես համա­ձայ­նեցնում են տրանս­ֆե­րա­յին գնագոյացման կարգավորումներով սահմանված վերահսկվող գործարքների ֆինան­սա­կան ցուցանիշները՝ հիմնվելով պարզած ձեռքի հեռավորության սկզբունքի վրա։ Պայմա­նա­վորվածությունը կարող է կնքվել մինչև հինգ տարի ժամկետով՝ ապահովելով իրավական հստա­­կություն և կանխատեսելիություն փոխկապակցված կողմերի միջև իրականացվող գոր­ծարքների գնագոյացման գործընթացում։ Նախնական գնագոյաց­ման պայմանա­վոր­վա­ծությունը նպատակ ունի նվազեցնել հարկային անորոշությունները, կանխել հետագա վեճերը և ճշգրտումները, ինչպես նաև բացառել տրանսֆերային գնագոյացման ստուգում­ների անհրաժեշտությունը տվյալ գործարքի մասով։


Կոմիտեն նաև հիշեցնում է՝ նախնական գնագոյացման պայմանա­վոր­վա­ծության ձեռքբերման կարգը և պայմանները սահմանվել են ՀՀ ՊԵԿ նախագահի 2022 թվա­կանի սեպտեմբերի 9-ի 943-Լ հրամանով։ Հրամանի համաձայն՝ նախնական գնագոյացման պայմանավորվածության ձեռքբերման վերաբերյալ դիմում Հարկային մարմին կարող են ներ­կայացնել այն հարկ վճարողները, որոնց նկատմամբ տարածվում են տրանսֆերային գնագոյացման կարգավորումները, մասնավորապես այն վերահսկվող գործարքների նկատ­մամբ, որոնք իրականացվել են ոչ ռեզիդենտ փոխկապակցված անձանց հետ։ Այնուհետև, Հարկային մարմնի կողմից դիմումի ուսումնասիրության արդյունքում և նախ­նա­կան գնա­գո­յացման պայմանավորվածության ձեռքբերման շրջանակում, հարկ վճա­րողի և Հարկային մարմնի միջև կնքվում է համաձայնագիր, որով սահմանվում են հա­մա­ձայ­նագրի կողմերը, գործողության ժամկետը, առարկա հանդիսացող գործարքը, ֆի­նան­սական ցուցանիշը և վերջինիս հաշվարկման մեթոդաբանությունը, ֆինանսական ցու­­ցա­նի­շի նկատմամբ կիրառվող տրանսֆերային գնագոյացման մեթոդն ու համադրե­լիութ­յան վեր­լու­ծությունը և այլն։


ՊԵԿ-ը հորդորում է համապատասխան հարկ վճարողներին դիմել վերոնշյալ կարգա­վորումների կիրառմանը՝ հաշվի առնելով ֆինանսական և վարչական ռեսուրսների զգա­լիորեն խնա­յելու վերջիններիս հնարավորությունը։