Քննարկվել են նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրերը․ որոնք են հիմնական ապրանքախմբերը․ ցանկ

ՊԵԿ նախագահի տեղակալ Վրեժ Մխիթարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՊԵԿ նախագահին կից հասարակական խորհրդի արտահերթ նիստ, որի առանցքում որոշ ապրանքային խմբերի համար իրականացվող նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրերի վերաբերյալ քննարկումն էր։

Ինչպես հայտնել են ՊԵԿ-ից, նիստին մասնակցել են Հասարակական խորհրդի անդամները և ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև «Ի-Մարկ» ՍՊԸ-ի տնօրենը:

Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության՝ 2026թ․ հոկտեմբերի 29-ին ընդունած մի շարք որոշումներով հաստատված Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման փորձնական ծրագրերը։ Փորձնական ծրագրերի նպատակն է գնահատել ապրանքների նույնականացման միջոցներով մեխանիզմների կիրառելիությունը, փորձարկել տեղեկատվական համակարգի աշխատանքը և կատարելագործել ապրանքների հետագծելության և վերահսկողության գործընթացները։


Անդրադարձ է կատարվել ընդունված որոշումներով սահմանված փորձնական ծրագրերի շրջանակում նույնականացման միջոցներով դրոշմավորվող հիմնական ապրանքախմբերին, որոնք են․


սննդամթերքը և հրուշակեղենը՝ որոշ սառեցված ապրանքները, կիսապատրաստուկները, թխվածքաբլիթները և ալյուրից պատրաստված այլ արտադրատեսակները,


բնական մորթուց արտադրատեսակները՝ բնական մորթուց հագուստը, հագուստի պարագաները և այլ արտադրատեսակները,


պիրոտեխնիկական արտադրանքը և հրդեհային անվտանգության սարքավորումները, ինչպես նաև խաղալիքներն ու որոշ հեծանիվները,


բժշկական արտադրատեսակները՝ որոշ դեղագործական նյութերը, հակաբիոտիկները, հակասեպտիկ և ախտահանիչ միջոցները, բժշկական ձեռնոցները,


վիրակապական նյութերը, հագուստը, ապակե սրվակները, լաբորատոր սպասքը, հաշմանդամային սայլակները, ակնոցներն ու ոսպնյակները,


վիրաբուժական և ռենտգենյան ապարատները, բժշկական կահույքը և այլ արտադրատեսակները,


կոշկեղենը, լուսանկարչական ապարատները և տան որոշ պարագաները, ներառյալ սփռոցները, անձեռոցիկները և որոշ փոշեցիրները,


ավտոպահեստամասերը և անվադողերը, ներառյալ ապակիները, ֆիլտրերը, արգելակային համակարգերի մասերը և այլ արտադրատեսակները։


Կարևորելով պետություն-հասարակություն արդյունավետ երկխոսությունը՝ քննարկման շրջանակում վեր են հանվել փորձնական ծրագրերի իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրները և հարցերը։ Ակտիվ քննարկում է ծավալվել նաև բարձրացված խնդիրների հաղթահարման ուղիների և լուծումների շուրջ։ Խորհրդի անդամները հանդես են եկել կառուցողական առաջարկներով և դիտարկումներով։

Միաժամանակ կարևորվել է տնտեսավարողների մասնակցությունը փորձնական ծրագրերին, որն իրականացվում է կամավոր հիմունքներով, ինչպես նաև նրանց գործունեության, մասնավորապես փորձնական ծրագրերի շրջանակում ապրանքների նույնականացման միջոցներով դրոշմավորման ընթացքում առաջացած խնդիրների հավաքագրումը և Կոմիտեին ներկայացումը։


Անդրադարձ է կատարվել փորձնական ծրագրերի իրականացման ժամկետին, որը նշված ապրանքախմբերի համար 2026 թվականի նոյեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ է։


Ընդգծվել է նաև Կոմիտեի կողմից փորձնական ծրագրերի ավարտից հետո ծրագրերի գնահատման արդյունքների ամփոփումն ու 10-օրյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացումը՝ հետագա որոշումների կայացման նպատակով։


ՊԵԿ-ը հորդորում է նշված ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին միանալ փորձնական ծրագրերին՝ կարևորելով ընթացիկ խնդիրների դուրսբերումը փորձնական ծրագրերի իրականացման ժամանակահատվածում։