Եթե Ռուսաստանը չդադարեցնի պատերազմը, Կրեմլի պաշտոնյաները «պետք է համոզվեն, որ գիտեն, թե որտեղ է գտնվում ամենամոտ ռմբապաստարանը», հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Axios-ի Բարաք Ռավիդին տված հարցազրույցում։
Զելենսկու խոսքով՝ ինքը հստակ աջակցություն
ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից ռուսական թիրախներին՝ էներգետիկ ենթակառուցվածքներին
և պաշտպանական ձեռնարկություններին հարվածելու համար։ Զելենսկին հավելել է, որ եթե
Կիևը լրացուցիչ հեռահար զենք ստանա ԱՄՆ-ից, «մենք դրանք կօգտագործենք»։
Ուկրաինայի
առաջնորդը հայտնել է, որ Թրամփի հետ հանդիպման ժամանակ ինքը մեկ կոնկրետ խնդրանք է
ներկայացրել՝ սպառազինության նոր համակարգ, որը, նրա խոսքով, կստիպի Ռուսաստանի
նախագահ Վլադիմիր Պուտինին նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահը խոստացել է «աշխատել այդ
ուղղությամբ»։
Զելենսկին
ընդգծել է, որ Ուկրաինան չի ռմբակոծի խաղաղ բնակիչներին։ Սակայն, նրա խոսքով,
ռուսական իշխանության կենտրոնները, այդ թվում՝ Կրեմլը, կարող են հայտնվել
հարվածային գոտում։ «Նրանք պետք է իմանան, թե որտեղ են գտնվում ռմբապաստարանները,-
ասել է Զելենսկին Կրեմլի պաշտոնյաների մասին։- Նրանց դա պետք է։ Եթե նրանք
չդադարեցնեն պատերազմը, նրանց ամեն դեպքում դա պետք կգա»։ Նա հավելել է. «Նրանք
պետք է հասկանան, որ մենք՝ Ուկրաինայում, ամեն օր կպատասխանենք։ Եթե նրանք
հարձակվեն մեզ վրա, մենք կպատասխանենք»։
Ուկրաինայի
առաջնորդի խոսքով՝ մեկ օր առաջ կայացած հանդիպման ժամանակ Թրամփը շեշտել է, որ
Ուկրաինան պետք է Ռուսաստանին սիմետրիկ պատասխան տա։ «Եթե նրանք հարձակվեն մեր
էներգետիկայի վրա, նախագահ Թրամփը աջակցում է, որ մենք կարող ենք պատասխանել նրանց
էներգետիկային»,- ասել է Զելենսկին։ Նա հավելել է, որ Թրամփը նույնն ասել է դրոնների
և հրթիռների արտադրության գործարանների մասին, չնայած դրանք լավ պաշտպանված են։
Զելենսկին
ընդգծել է, որ Ուկրաինան արդեն ունի դրոններ, որոնք կարող են հարվածել Ռուսաստանի
խորքերը։ Այնուամենայնիվ, նա ասել է, որ հույս ունի ստանալ սպառազինության լրացուցիչ
համակարգ, որը կմոտեցնի պատերազմի ավարտը։ «Նախագահ Թրամփը գիտի, ես նրան երեկ
ասացի, որ մեզ մեկ բան է պետք,- նշել է Զելենսկին։- Մեզ դա պետք է, բայց դա չի
նշանակում, որ մենք այն կօգտագործենք։ Որովհետև եթե մենք այն ունենանք, դա
լրացուցիչ ճնշում կգործադրի (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինի վրա, որ նա նստի
և խոսի»։