Վաղը, ինչպես հայտնի է, ԱԺ ՊՈՒ խմբակցության նախաձեռնությամբ
ԱԺ նիստերի դահլիճում կլսվեն ահեղագոչ ելույթներ, էքսպրեսիայով ուղեկցվող ասմունքներ վարչապետին անվստահություն հայտնելու թեմայով։ Մեր
տեղեկություններով՝ լսումներին տպավորիչ
ներկայացուցչական կազմ է հրավիրվել՝ մի ամբողջ 160 հոգի։ Կազմը, այո, հուշում է, ԱԺ
աշխատանքներին հետևող հանրությանը զինվել ադի-բուդիով,
չիփսերով ու… համբերությամբ։ Չէր խանգարի նաև թաշկինակը։
Հրավիրյալների թվում են մասնավորապես Հ1-ի նախկին հաղորդավար, Genesis Armenia ուղեղային կենտրոնի տնօրեն Աբրահամ Գասպարյանը, Ստենֆորդի համալսարանի դասախոս, ականավոր քաղաքագետ Արթուր Խաչիկյանը,
Ռոբերտ Քոչարյանի նախկին խորհրդական Գառնիկ Իսագուլյանը, նախկին ԲՀԿ-ական, այժմ «Հայելի»
ակումբի վաստակավոր հյուր Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ բոլոր թեմաներով լսումներին մշտապես
ներկա Էդգար Ղազարյանը, որի խոսափողը իր իսկ
ելույթի ժամանակ երբեմն անջատվում է։ Դե իհարկե նաև ՀՀԿ-ի «վերխուշկան»՝ ի դեմս բանտից վերջերս դուրս եկած Արմեն Աշոտյանի,
Արտակ Զաքարյանի, Էդուարդ Շարմազանովի, Դավիթ Հարությունյանի, Մարգարիտ Եսայանի, ինչպես
նաև Սերժ Սարգսյանի նախկին խոսնակ Սամվել Ֆարմանյանի։
ԼՂՀ-ի «ֆրոնտը» կներկայացնեն մասնավորապես
հռչակավոր անեծքաբան Մետաքսե Հակոբյանը, ԼՂՀ նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, իսկ ահա
օրումեջ հակափաշինյանական հայտարարություններ անող Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած,
«մի ժիգուլու պասաժիրի» չափ անդամ ունեցող ՀԱԿ-ից հրավիրվել են ի մասնավորի Լևոն Զուրաբյանը,
մինչև վերջերս պետական ապարատում աշխատած Տաթև Զորյանը։ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ից էլ
հրավիրվել է նախկին պատգամավոր, մանդատից զրկվելուց հետո իրեն հաղորդավարական աշխատանքին նվիրած Արման Աբովյանը։
Հրավիրված է նաև քաղաքական իր ժառանգությունը (թող թույլ տրվի ասել) «վարի տված» «Ժառանգություն»
կուսակցությունը՝ ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի։ «Քաղբանտարկյալների» «ջոկն» էլ կներկայացնի քրեական հետապնդման ենթարկվող Վանաձորի նախկին համայնքապետ,
երբեմնի ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը։
Մի խոսքով, էս կազմը (և «գրուպպա պադերժկի»-ն), ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ «բոլ-բոլ է Յաբլոնովկա գնալու»,
ներեցեք՝ վաղվա միջոցառումը տպավորիչ դարձնելու համար, վերջում էլ երևի… «սալյուտ-մալյուտ»։ Այ այս մեկը, հուսանք, դրսում «կխփեն»։
Ե. Ա.