Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու մարդատար «Գազել»-ը, կա 11 վիրավոր

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 07:40-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի ժողովրդին հայտնի «ատոմակայանի» խաչմերուկում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան ու մարդատար «Գազել»-ը: Բախման հետևանքով «Գազել»-ը կողաշրջվել է և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: 


 
Վթարի հետևանքով 11 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն: 



Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշել են, որ «Գազել»-ը մասնավոր է և դաշտ էր տեղափոխում խաղող հավաքողների: 


 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Mercedes»-ի վարորդը ծառայում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերում: 


Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները: