Ընդդիմության երգացանկի՝ վերջին մի քանի տարիների սիրելի «երգերից» է նախկին իշխանության, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի թողած «գյոզալական բանակցային ժառանգության» մասին «երգը»։ Թե՝ մասնավորապես 2019-ի հունիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկվել է մի պլան, որը, ինչպես ընդդիմությունն է կաշվից դուրս գալով պնդում, «մե չքնաղ, մե հրաշք» պլան էր, և այն ընդունելու դեպքում ԼՂ կոնֆլիկտը շահեկանորեն կհանգուցալուծվեր հայկական կողմի համար։ Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ ԼՂ բանակցային ժառանգության օրակարգով բանավեճի էր հրավիրել երեք նախագահներին, ԼՂՀ անկախությունն այդպես էլ չճանաչած ու ճանաչումը ԵԱՀԿ Մինսկի խմբի «փեշը գցած» ընդդիմությունը՝ այդ թվում Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմը, միաբերան աղաղակեց՝ թող Փաշինյանը հրապարակի վերոհիշյալ՝ 2019-ի պլանը։ Նախօրեին էլ առաջին նախագահն ազդարարեց, թե եթե 2019-ի հունիսի այդ պլանն իրենց բանավեճի հրավիրած կողմը հրապարակի, ապա բանավեճն այդպիսով կավարտվի։
ՊՈՒ-ի կողմից հրավիրված՝ ՀՀ վարչապետին
անվստահություն հայտնելու օրակարգով լսումներին
մասնակցած Իշխան Սաղաթելյանն էլ, անդրադառնալով 2019-ի պլանը հրապարակել-չհրապարակելուն,
դասը վատ սերտած աշակերտի ոճով մասնավորապես ազդարարեց. «Ինքը հերքել ա, որ
2019 թվականին իր սեղանի վրա դրված է բանակցային փաստաթուղթ, գիտեք, որ ինքը երկար
ժամանակ հերքել ա, որ որևէ բանի շուրջ չեմ բանակցում։ Եվ բնականաբար այդ առաջարկի մեջ
կային շատ ավելի լավ պայմաններ, քան էն, ինչ որ տեղի ունեցավ։ Բայց ինքը հետևողականորեն
էդ ամեն ինչը տապալել է, և պատճառներից մեկը դա ա, որ չի հրապարակում էդ փաստաթուղթը»։
Сivic.am-ն առաջարկեց Սաղաթելյանին՝ գուցե ի՞նքը հանրայնացնի իր կողմից վկայակոչված
փաստաթուղթը կամ մի քանի խոսքով հրապարակի այդ «գյոզալական» թղթի բովանդակությունը։
«Մենք էդ փաստաթղթի մասին բազմաթիվ անգամ խոսել
ենք, բայց պահանջում ենք, նաև՝ նախագահներն են պահանջել, նաև՝ առաջին նախագահն է պահանջել,
տեսնեն էդ փաստաթղթի բնօրինակը»։ Ճշտմանը՝ «դուք տեսե՞լ եք այդ փաստաթուղթը»՝ Սաղաթելյանը իր «ֆիրմեննի»
հեգնանքով արձագանքեց՝ «ես չեմ տեսել էդ փաստաթուղթը, բայց այդ փաստաթղթի մասին բազմաթիվ
տեղեկություններ եղել են, և եթե էդպես չի, թող հրապարակի, հանրությունը տեսնի՝ ճիշտ
են ասո՞ւմ, թե՞ չէ»։ Ինչ խոսք, գնահատում ենք Իշխան Սաղաթելյանի անկեղծությունը՝ չի
կարդացել մարդը, տեղյակ չէ ու խոստովանում է, որ չի կարդացել ու տեղյակ չէ, բայց «բարեխիղճ մոլորության»
մեջ է՝ գտնվելով նախկին նախագահների քարոզչական ազդեցության տակ։ Սա մեզ հիշեցրեց Պաստեռնակի
մասին հայտնի արտահայտությունը, միայն թե հակառակ տրամաբանությամբ։ Խոսքը «հակասովետական»
գրող Բորիս Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագո» վեպի մասին է։ Վեպն ավարտելուց հետո Պաստեռնակն
առաջարկել էր հեղինակավոր հրատարակչություններին տպագրել այն, սակայն մերժում էր ստացել,
քանի որ ստեղծագործությունը համարվել էր սոցիալիստական ռեալիզմի սկզբունքներից շեղված:
ԽՍՀՄ գրողների միության նիստերից մեկի ժամանակ էլ գրականագետներից մեկը՝
Անատոլի Սաֆրոնովը, «Դոկտոր Ժիվագո»-ի մասին ասել էր. «Չեմ կարդացել, բայց դատապարտում
եմ»: Սաղաթելյանն էլ, փաստորեն, սաֆրոնովավարի՝ «չի կարդացել», բայց գովերգում
է իր չկարդացածը։
Ի դեպ, թեմային անդրադարձել է նաև ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Երբ նրան հարց ուղղվեց՝ ինչո՞ւ ՀՀ ԱԳՆ-ն չի հրապարակում
բանակցային գործընթացի մասին փաստաթղթերը՝ կատարելով նախկին նախագահների, մասնավորապես
առաջին նախագահի հորդորը, մենք էլ նկատեցինք՝ նույնը պահանջում էր նաև Իշխան Սաղաթելյանը, ԱԺ փոխխոսնակը
նախ արձանագրեց. «Իշխան Սաղաթելյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը շատ նման են միմյանց ամեն
ինչով, հատկապես՝ ինտելեկտուալ մակարդակով», ապա հավելեց․ «Որևէ կաշկանդվածություն չկա։ Այդ փաստաթղթերը
միայն ՀՀ-ի փաստաթղթերը չեն, երկրորդը՝ դրանք փաստաթղթեր են, որոնք բանակցվել են ՀՀ-ի
և Ադրբեջանի միջև, և եթե չեմ սխալվում, վարչապետը ժամանակին նշել է, որ հանձնարարել
է ԱԳ նախարարությանը նախ ի մի բերել փաստաթղթերն ու գնահատել պատեհությունը դրանք հրապարակելու։
Բայց իրականում 2019 թվականի փաստաթղթերի վերաբերյալ գաղտնիք չկա։ Այդ փաստաթուղթը
սկսվում է հետևյալով՝ Ադրբեջանի նախագահ և ՀՀ նախագահ։ Ուզում եմ հիշեցնել, որ
2019-ին ՀՀ նախագահը չէր Նիկոլ Փաշինյանը, ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն էլ երբեք
չի բանակցել։ Սա ինքնին վկայում է այն մասին, որ այդ փաստաթղթերը եղել են Սերժ Սարգսյանի
նախագահության ավարտին բանակցային իրավիճակի ամփոփումը։ Ինչի մասին են այն փաստաթղթերը,
որոնք հիմնված են «Մադրիդյան սկզբունքների» վրա, որ՝ հանձնվում են 5+2 շրջանները Ադրբեջանին
և ուրիշ ոչ մի բան։ Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին անդրադարձ չի լինում…»։ «Մադրիդյան սկզբունքների» տերպետրոսյանական՝
քանիցս հնչեցված «մեկնությունից» ենթադրվում էր, թե ինչ կարգավիճակ է սպասվում ԼՂ-ին՝
ԼՂ-ն լինելու էր Ադրբեջանի կազմում։ Ինչ վերաբերում է Իշխան Սաղաթելյանի վերոհիշյալ
«մեկնությանը»՝ կապված 2019-ի կարգավորման պլանի հետ, որն, իբր, մերժել է գործող իշխանությունը,
ապա Ռուբինյանն այսպես արձագանքեց. «Մենք մեր իշխանության օրոք չենք մերժել ԼՂ կարգավորման որևէ առաջարկ։ Հետևապես
ամեն ինչ, ինչ ասվում է սրան հակառակ, սուտ է»։
Հեղինե Մանուկյան