Ալիևը՝ այդ թվում այս ամբիոնից, օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որը Վաշինգտոնում համաձայնեցված փաստաթղթերում չկա. ՀՀ վարչապետը՝ ՄԱԿ-ում

TRIPP ուղի ենթակառուցվածքային նախագիծը գործելու է ՀՀ տարածքով՝ ԱՄՆ-ՀՀ երկկողմ ձևաչափով համաձայնեցված բիզնես մոդելով։ Բաղկացած լինելով մի քանի տասնյակ կմ տարբեր ենթակառուցվածքներից, այն տարածաշրջանային և գլոբալ նշանակություն ու ազդեցություն է ունենալու։ Այս մասին հայտարարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի իր ելույթում:


«Ալիևը՝ այդ թվում այս ամբիոնից, օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որը Վաշինգտոնում համաձայնեցված փաստաթղթերում չկա, ՀՀ-Ադրբեջան բանակցություններում և փաստաղթղերում երբեք չի եղել»,-նշել Նիկոլ Փաշինյանը։



Օգոստոսի 8-ի փաստաթղթերում մենք հստակ բովանդակություն և խոսույթ ենք համաձայնեցրել, և այդ համաձայնություններին հավատարմությունը որևէ կերպ կասկածի տակ դնելը հասկանալի չէ։ Այդ խոսույթները խաղաղության նկատմամբ մարդկանց հավատը չեն մեծացնում, խաղաղության մթնոլորտից և բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններից չեն բխում։ Ադրբեջանի նախագահը տարբեր ամբիոններից խոսում է Հայաստանի իբր կապիտուլյացիայի մասին։ Ճիշտն ասած՝ չեմ հասկանում՝ որն է ահռելի պոզիտիվ բովանդակության առկայության պայմաններում, որը ձեռք է բերվել համատեղ դժվարին ջանքերով, օբյեկտիվ իրականության հետ կապ չունեցող ագրեսիվ ենթատեքստերի հոլովումը։ Մի՞թե խաղաղությունը բավարար բերկրանք և բավարարվածություն չի պատճառում։ Ինձ, օրինակ, պատճառում է. ինձ բավարար բերկրանք է պատճառում նաև այն, որ ՀՀ-ը տպավորիչ տեմպերով զարգացող անկախ, ինքնիշխան, սեփական ապագան այսօր կառուցող ժողովրդավարական պետություն է և ատելություն չի տածում ու չի տարածում հարևանների և որևէ մեկի նկատմամբ։ 


 

Ադրբեջանցի գործընկերոջս առաջարկում եմ կենտրոնանալ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտափույթ և ճշգրիտ կյանքի կոչելու վրա, ինչի համար էական է լեգիտիմ խոսույթների կիրառումը»,- նշեց վարչապետը։