Խաղաղությունն այսպիսով հաստատված է, բայց խաղաղությունը արձակուրդ չէ, այլ ամենօրյա աշխատանք. Նիկոլ Փաշինյան

Ուրախ եմ միջազգային ողջ հանրությանը զեկուցել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատված։ Այդ մասին ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում ունեցած ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Այս խաղաղության գործում վճռական է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը, որի նվիրվածությունը, հետևողականությունը և սկզբունքայնությունը հնարավոր դարձրին, թվում է, անհնարինը։ Այս է պատճառը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մենք համաձայնեցրել ենք նախագահ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի ներկայացնելու մեր համատեղ որոշումը, որովհետև մեր սեփական օրինակով տեսանք, որ նախագահ Թրամփն իսկապես նվիրված է խաղաղության գաղափարին։


Ուզում եմ ընդգծել Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների, կառավարությունների և խորհրդարանների դերը, առանց որոնց աջակցության՝ իհարկե, անհնար կլիներ հասնել այս կետին։ 


Խաղաղությունն այսպիսով հաստատված է, բայց խաղաղությունը արձակուրդ չէ, այլ աշխատանք, ամենօրյա աշխատանք։ Խաղաղությունն ամենօրյա խնամք է պահանջում նորածին մանուկի նման իրեն պաշտպանելու վարակից, ցրտից ու շոգից, անտարբերությունից ու հոռետեսությունից։