Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում:
Նա իր ելույթում հայտարարել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Արևմուտքը բազմիցս փորձել է աշխարհը բաժանել «մենք»-ի և «նրանց». «Սա բոլոր միջազգային խնդիրների արմատն է: Արևմուտքը բազմիցս անտեսել է ուժի չկիրառման սկզբունքը: ՆԱՏՕ-ն շարունակում է ընդլայնվել դեպի Ռուսաստանի սահմանները՝ չնայած արևելք առաջ չխաղալու երաշխիքներին: Եվրոպական երկրները կոչ են անում իրենց քաղաքացիներին «ամրացնել գոտիները» ռազմականացման համար և բացահայտ քննարկում են Կալինինգրադի մարզի վրա հարձակումը: Ավելի հաճախ են հնչում ուժի կիրառման սպառնալիքներ Ռուսաստանի դեմ, որին անհիմն մեղադրում են ՆԱՏՕ-ի երկրների վրա հարձակվելու մտադրության մեջ»,- ասել է Լավրովը՝ նշելով, որ ՌԴ-ի դեմ ցանկացած ագրեսիա վճռականորեն կմերժվի:
«Դրանում կասկած չպետք է լինի։ Կիևի ներկայիս ղեկավարությունը իշխանության է եկել հեղաշրջումից հետո: Ուկրաինան աշխարհում միակ երկիրն է, որն արգելել է իր քաղաքացիներին խոսել իրենց մայրենի լեզվով: Եվրոպան լռում է Կիևի ռեժիմի հանցագործությունների մասին, որին թույլատրվում է անել ամեն ինչ, այդ թվում՝ անխոհեմ դիվերսիաներ ատոմակայաններում։ Մոսկվան եղել և մնում է բաց բանակցությունների համար՝ հակամարտության արմատական պատճառները լուծելու համար»,- ասել է նա։
Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանն անընդունելի և անօրինական է համարում Արևմուտքի փորձերը՝ վերականգնելու Իրանի դեմ պատժամիջոցները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։
«Սա բացահայտում է Արևմուտքի կողմից կառուցողական լուծումների որոնման սաբոտաժը և շանտաժի ու ճնշման միջոցով Իրանից միակողմանի զիջումներ կորզելու ցանկությունը։ Մոսկվան կտրականապես մերժում է այդ մանիպուլյացիաները»,-ասել է նա։