Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը զանգվածային հարձակում է գործել խաղաղ բնակավայրերի դեմ, որը տևել է ավելի քան 12 ժամ։
«Ֆեյսբուք»-ի էջում կատարած գրառման մեջ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ օգտագործվել են 500 հարձակողական անօդաչու թռչող սարքեր և ավելի քան 40 հրթիռ։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ հարձակման թիրախում են եղել Կիևը և շրջակա շրջանները, ինչպես նաև Զապորոժիեի, Խմելնիցկու, Սումիի, Նիկոլաևի, Չեռնիգովի և Օդեսայի մարզերը։ «Հրետակոծության հետևանքով վնասվել է մայրաքաղաքում գտնվող Սրտաբանության ինստիտուտի շենքը։ Կիևում զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ 12-ամյա աղջիկ։ Ընդհանուր առմամբ, Ուկրաինայում վիրավորվել է առնվազն 40 մարդ, այդ թվում՝ երեխաներ»,- գրել է Զելենսկին՝ հավելելով, որ հարձակման են ենթարկվել հացահատիկի գործարան, անվադողերի գործարան, մասնավոր և բնակարանային շենքեր, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ երեկ երեկոյան զանգվածային հարվածներ են հասցվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին, ինչպես նաև ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքներին։