Այսօր ԵՄ խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, ինչպես նաև եվրոպական պետությունների և կառավարությունների մի շարք ղեկավարներ ողջունել են Մոլդովայի խորհրդարանական ընտրություններում իշխող եվրոպամետ «Գործողություն և համերաշխություն» կուսակցության (PAS) հաղթանակը։
«Մոլդովայի ժողովուրդը ասաց իր խոսքը, և նրա
ուղերձը բարձր էր ու հստակ»,- ընդգծել է Կոշտան՝ մեկնաբանելով քվեարկության արդյունքները։
«Նա ընտրեց
ժողովրդավարությունը, բարեփոխումները և եվրոպական ապագան՝ Ռուսաստանի ճնշման և
միջամտության դեմ հանդիման»,- հավելել է Եվրոպական խորհրդի ղեկավարը։
Եվրոպական
հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նույնպես ողջունել է
ընտրությունների արդյունքները։ «Մոլդովա, դու կրկին դա արեցիր։ Վախ կամ
անհամաձայնություն սերմանելու ոչ մի փորձ չի կարող կոտրել քո վճռականությունը։ Դու
կատարել ես հստակ ընտրություն՝ Եվրոպա։ Ժողովրդավարություն։ Ազատություն։ Մեր
դուռը բաց է։ Եվ մենք կաջակցենք քեզ ամեն քայլափոխի։ Ապագան պատկանում է քեզ»,-
գրել է ֆոն դեր Լյայենը X սոցիալական ցանցում։
«Ֆրանսիան
աջակցում է Մոլդովային նրա եվրոպական ձգտումներում և ազատություն ու
ինքնիշխանություն ունենալու ցանկության մեջ»,- X սոցցանցում իր հերթին գրել է
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նրա խոսքով՝ «Մոլդովայի ժողովուրդը հստակ
կատարել է իր ընտրությունը՝ չնայած արտաքին միջամտության փորձերին»։