Ինչպես արդեն նշել էինք, ՀԷՑ-ում վերջին տարիներին ընդունված պրակտիկա է եղել, որ ՀԷՑ-ի
ծախսերը հիմնականում իրականացվել են «Տաշիր գրուպ» ընկերության հետ աֆիլացված կամ փոխկապակցված
ընկերություններից։ Օրինակ՝ էլեկտրոնային հաշվիչների
մատակարարման և ծրագրային ապահովման ծախսերը իրականացվել էին «Տաշիր գրուպ» ընկերության
հետ աֆիլացված մի ընկերությունից։ Խոսքն ավելի քան 500 հազար հաշվիչների մասին է, որոնք
աշխատում են թվային տեխնոլոգիաներով։ Այս մասին արդեն գրել էինք։ Բայց սա եզակի դեպք
չէ։
Ինչպես պարզվեց՝ «Տաշիր» ընկերությունների
խմբի հետ փոխկապակցված կապալառու 4 ընկերություն, որոնք իրականացրել են ՀԷՑ-ի ներդրումային
ծրագրերն ու նոր միացումների աշխատանքները, ՀԷՑ-ից շատ ցածր գներով վարձակալել են
6 տասնյակից ավելի մեքենաներ ու մեխանիզատորներ։ Սա ևս, մեծ հաշվով, նորություն չէ։
Ըստ պայմանագրի՝ ընթացիկ վերանորոգումները, պահեստամասերի փոխարինումը պետք է իրականացնեին
կապալառու ընկերությունները, որոնք չեն իրականացվել։ Ստացվում է՝ ՀԷՑ-ի պատվերով՝ առանց
մրցույթի, արտոնյալ և մոնոպոլ կարգավիճակով ու բարձր գներով իրականացրել են աշխատանքներ,
որոնք կատարել են ՀԷՑ-ի սեփական տեխնիկան էժան վարձակալելով, չեն կատարել պայմանագրով
նախատեսված վերանորոգման աշխատանքները՝ դրանք թողնելով ՀԷՑ-ի վրա, մի բան էլ վարձակալության
համար նախատեսված արտոնյալ վճարումը ևս չեն կատարել։ Մեր տեղեկություններով՝ ՀԷՑ-ի
ժամանակավոր կառավարչի կողմից հրահանգվել է շտապ կարգով ծանուցումներ ուղարկել կապալառու
այդ չորս ընկերություններին՝ պարտքերը անհապաղ մարելու մասին։ Շուրջ վեց տասնյակ տեխնիկայի
վարձակալության դիմաց չվճարված ավելի քան 180 մլն դրամի մասին է խոսքը։ Եթե հաշվի առնենք,
որ տեխնիկայի վերանորոգումները, պահեստամասերի փոխարինումները ևս կատարվել են ՀԷՑ-ի
միջոցներով, այս թիվը կարող է մի քանի տասնյակ միլիոնով ավելանալ։
Ահա այսպես են ՀԷՑ սեփականատերերը կառավարել
ռազմավարական նշանակության այս ընկերությունը, ու այսպիսի մեթոդներով է, որ վստահ հայտարարում
էին, որ հոսանքի սակագինը չի բարձրանա։ Իսկ հետո դա վերածում էին քաղաքական կապտալի։
Քաղաքական կապիտալի վերածում էին նաև բարեգործական ծրագրերը, որոնք էլ իրականացնում
էին այդ թվում այսպիսի գումարների միջոցով։
Վոլոդյա Հակոբյան