«Մատչելի հնարավորություն զբոսաշրջիկների համար՝ 16 ուղղություններով»․ WizzAir-ը բազավորվեց Հայաստանում

Այսօր տեղի ունեցավ «Wizz Air» ավիաընկերության բազայի բացման արարողությունը: Միջոցառումը մեկնարկեց մամուլի ասուլիսով։


«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեն իր խոսքում նշեց, որ կունենան նոր ուղղություններ, կավելանան հաճախականությունները, օրական 24 ժամ, ամբողջ տարվա ընթացքում, ինչը կնպաստի զբոսաշրջության ներհոսքին։


«Պատմության մեջ առաջին անգամ ԵՄ-ից մենք ունեցել ենք չվերթ Գյումրի։ Կարևոր է նշել, որ մենք Գյումրիում ունենք բարձրակարգ սպասարկում և հուսով ենք, որ շուտով կկարողանանք սկսել նաև «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքները, որպեսզի ավելի շատ չվերթներ կարողանանք սպասարկել՝ ավելի շատ հարամարավետությամբ, որին բոլորն արժանի են, ինչպես դա արեցինք 18 տարի առաջ»,- ասաց Մարսելո Վենդեն։   


 «Wizz Air» ավիաընկերության գործադիր տնօրեն Ռոլանդ Թիշներն էլ ասաց»․ «Հինգ ամիս առաջ այստեղ էի և  հայտարարեցի, որ հոկտեմբերի 2-ից ունենալու ենք նոր բազա՝ երկու օդանավերով, և թեև այն ժամանակ որոշ հարցեր կային, իսկ այսօր հպարտորեն կարող եմ ասել, որ մեր առաջին օդանավն արդեն այստեղ է և սկսել է գործել և սպասում ենք երկրորդ օդանավին, որը շուտով կլինի այստեղ»։

 

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ ասաց, որ ՀՀ կառավարության համար միջազգային բրենդների մուտքն առաջնահերթություն է և քանի որ զբոսաշրջությունն իրենց համար տնտեսության կարևոր ճյուղ է, ապա ռազմավարական նպատակ ունեն առաջիկա տարիներին նվազագույնը 3 միլիոնի սահմանն անցնել։


 «Երբեմն, մեր ընդդիմախոսներն օրինակ ինձ չեն հավատում, որ  Հայաստանում խաղաղություն է հաստատված, ամեն ինչ արդեն լավ է, սա ամենալավ ապացույցն է, որովհետև մարդիկ փող են դրել ՀՀ-ում, ներդրումներ են անում ՀՀ-ում, որովհետև հավատում են, որ ՀՀ-ում հաստատվել է խաղաղություն, որովհետև հավատում են, որ ՀՀ-ում եկել է տնտեսական զարգացման, շարունակական զարգացման և բարեկեցության ժամանակշրջանը։ Եվ «Wizz Air»-ի կամ մյուս այլ ընկերությունների հաջող գործելու համար ի՞նչ է պետք, որ օդանավը և՛ գնալուց, և՛ գալուց միշտ լինի լիքը»,- ասաց Գևորգ Պապոյանը։      

   

Մեր հարցին ի պատասխան, թե ինչպիսի վիճակում է Գյումրու օդանավակայանը, քանի որ երբ հայտարարվեց Գյումրի-Լառնակա թռիքչքի մասին, եղան հայտարարություններ, թե օդանավակայանը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, Մարսելո Վենդեն ասաց   «Մենք վերանորոգել ենք ժամանումների սրահը, մեկնումների սրահը և համոզված եղեք, որ այս օդանավակայանն ավելի լավ վիճակում է գտնվում, քան եվրոպական մի շարք երկրներում գտնվող օդանավակայաններ։ Ես այցելել եմ շատ օդանավակայաններ Եվրոպայում, Գյումրիի օդանավակայանն ամբողջովին պատրաստ է»։


Ռոլանդ Թիշները նույնպես արձագանքեց հարցին՝ ասելով հետևյալը․ «Սկզբում, երբ մենք սկսեցինք քննարկումները՝ Գյումրիում չվերթներ սկսելու համար,  որոշ հարցեր առաջացան, բնականաբար, որոշ ստանդարտներ շատ կարևոր են մեզ համար, ապահովությունն ու անվտանգությունն ամենաառաջինն են մեզ համար։ Հիմա օդանավակայանն ամբողջովին պատրաստ է ապահովել այդ բոլոր հնարավոր ստանդարտները՝ գործարկման համար»։     

Ասուլիսից հետո ներկաները մասնակցեցին Նեապոլից չվերթի դիմավորմանը:


Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան