Կապահովվի ՏԻՄ կողմից ռոյալթիից մասհանումների հաշվին բնակավայրերի զարգացման ծրագրեր իրականացնելու գործընթացը

Գործադիրն ընդունել է որոշում՝ պայմանավորված «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված` պետական բյուջեից համայնքների բյուջեներին անվերադարձ կարգով հատկացվող համայնքային մասհանումների ապահովման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, մետաղական հանքարդյունաբերական ընկերությունների կողմից պետական բյուջե վճարված ռոյալթիներից ազդակիր համայնքների բնակավայրերին յուրաքանչյուր ռոյալթի վճարողի կողմից օրենքով սահմանված չափով (2 տոկոս) և կարգով հաշվետու տարում անհրաժեշտ է հատկացնել համապատասխան համայնքային մասհանումներ:


Կառավարության որոշմամբ նախատեսվում է 1212 ծրագրի 12026 (Ազդակիր բնակավայրերի և համայնքների բյուջեներին հատկացվող համայնքային մասհանումներ) միջոցառմամբ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքին հատկացնել 84,747.3 հազ. դրամ, ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքին՝ 305,297.7 հազ. դրամ, ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքին՝ 112,963.4 հազ. դրամ, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան, Կապան և Մեղրի համայնքներին համապատասխանաբար հատկացնել 277,119.9 հազ. դրամ, 522,555.9 հազ. դրամ և 332,000.0 հազ. դրամ:


Որոշման ընդունման արդյունքում կապահովվի Տեղական ինքնակառավարման մարմինների (ազդակիր բնակավայրերի/համայնքների) կողմից ռոյալթիից մասհանումների հաշվին համայնքների/բնակավայրերի զարգացման ծրագրեր իրականացնելու գործընթացը, որը ենթադրում է պետական բյուջեի միջոցների բաշխման և օգտագործման թափանցիկության և հաշվետվողականության ապահովման որոշակի պարտավորություններ ՏԻՄ-երի և գործընթացի համար պատասխանատու պետական մարմինների համար։