Այս տարի ուսուցիչների կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար ավելի քան 8400 հայտ է ստացվել․ հայտերի թիվն աճել է ավելի քան 8 անգամ․ ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Այս տարի ուսուցիչների կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար ավելի քան 8400 հայտ է ստացվել: Ավելի քան 8400 հայտ: Առաջին տարվա համեմատ հայտերի թիվն աճել է ավելի քան 8 անգամ:


Այս տարի ՀՊՄՀ-ում բակալավրիատում մրցութային ընդունելություն ենք գրանցել նույնիսկ տարիներ շարունակ ամենախնդրահարույց ուղղություններից՝ կենսաբանության և քիմիայի ուղղությամբ, բոլոր տեղերը համալրվել են: Իսկ մագիստրատուրայում կունենանք ևս 189 սովորող՝ բտճմ ուղղությունների ապագա ուսուցիչներ:


Ընդ որում, 286 դիմորդներից մագիստրատուրա ընդունվել են շուրջ 189-ը, այսինքն այստեղ էլ բավական ընտրողական մոտեցում է եղել. ոչ բոլոր դիմորդներն են ընդունվել, որովհետև որակը կարևոր է:


Դե իսկ կրթության մեջ երեխաների ընդգրկվածության մասին ևս մեկ անգամ շեշտեմ.


2019-2020 ուսումնական տարվա նկատմամբ 2024-2025 ուսումնական տարում երեխաների ընդգրկվածությունը միջինում աճել է շուրջ 7,2 տոկոսով: Ընդ որում՝


տարրական մակարդակում՝ 92,9 տոկոսից դարձել է 102 տոկոս,


հիմնական դպրոցում՝ 90 տոկոսից դարձել է 99,7 տոկոս,


ավագ մակարդակում՝ դպրոցներում ընդգրկվածությունը 59,5 տոկոսից դարձել է 60,9 տոկոս, իսկ քոլեջներում՝ 14,9 տոկոսից դարձել է 21,3 տոկոս:


Մարդիկ կան՝ սա նվազում են անվանում։