«Մերժվել ենք երկու անգամ». Պուտինը ՆԱՏՕ-ին միանալու Ռուսաստանի պատմական փորձերի մասին

ԽՍՀՄ-ն, ապա Ռուսաստանը, հայտարարել են ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց պատրաստակամության մասին, սակայն երկու անգամ էլ դրանք անմիջապես մերժվել են, «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի նիստում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։


«Մեր երկիրը, ձգտելով վերացնել դաշինքային դիմակայության հիմքերը և ստեղծել ընդհանուր անվտանգության տարածք, երկու անգամ հայտարարել է ՆԱՏՕ-ին միանալու իր պատրաստակամության մասին։ Առաջին անգամը 1954 թվականին էր, դեռևս խորհրդային ժամանակաշրջանում, իսկ երկրորդ անգամը՝ ԱՄՆ նախագահ Քլինթոնի Մոսկվա կատարած այցի ժամանակ (ես արդեն խոսել եմ այդ թեմայի շուրջ, խոսել եմ, երբ մենք քննարկել ենք դա»,- ասել է Պուտինը։


Ըստ ՌԴ նախագահի՝ Ռուսաստանը պատրաստ էր համագործակցել իր արևմտյան գործընկերների հետ, բայց պարզվեց՝ նրանք պատրաստ չեն հրաժարվելու կարծրատիպերից։


«Մենք պատրաստ էինք համատեղ աշխատել, ոչ գծային քայլեր ձեռնարկել անվտանգության և համաշխարհային կայունության ոլորտում, բայց պարզվեց՝ մեր արևմտյան գործընկերները պատրաստ չէին ազատվել աշխարհաքաղաքական և պատմական կարծրատիպերի գերությունից»,- ընդգծել է Պուտինը։